կարևոր
2296 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-08 12:13

Գործատուն կարող է աշխատողին ազատել, աշխատավարձ չտալ. Առողջապահության նախարարի հրամանն օրենքով են ամրագրում

Գործատուն կարող է աշխատողին ազատել, աշխատավարձ չտալ. Առողջապահության նախարարի հրամանն օրենքով են ամրագրում

55 կողմ, 23 դեմ, 6 ձեռնպահ ձայնով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում և դադադերցնել աշխատանքային պայմանագիրը:

Նախագծում Օրենսգրքի 108-րդ հոդվածը լրացվում է հետևյալ կետով.

«1.1. Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերն աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները եւ այդ ժամանակահատվածի համար չի վճարում աշխատավարձ՝ մինչեւ սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:»:

Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ:

Աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը:

Նշենք, որ նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ: