կարևոր
583 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-08 11:50

Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր. Մհեր Գրիգորյան

Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք հետևում ենք երեք երկրի ղեկավարների՝ Սոչիի հայտարարությանը, որի համաձայն պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման համար, ինչպես նաև աշխատանքներ տանել սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Սակայն այդ հարցը ոչ մի կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,- նշել է Գրիգորյանը։

Հայաստանի փոխվարչապետը նաև հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումներ իրականացնելու հարցերի մշակմամբ․ «Այդ հարցերի վերջնական կանոնակարգման վերաբերյալ քննարկում դեռ չի եղել»:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի հայտարարությունն անսպասելի էր հայաստանյան իշխանությունների համար, սակայն Երևանը հույս ունի, որ երեք երկրի փոխվարչապետերի աշխատանքը կշարունակվի համաձայնեցված հիմնարար սկզբունքների շրջանակում։

«Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր։ Ենթադրվում էր, որ առաջիկա օրերին մենք կշարունակենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։ Հուսով եմ՝ իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն»,- ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ այդ խմբի աշխատանքը մինչև այս պահը ընթացել է «կառուցողական երկխոսության ձևաչափով»։ Մհեր Գրիգորյանը նկատել է, որ աշխատանքային խմբի կողմերն ունեին երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու ապաշրջափակման հարցերով փոխըմբռնում։ 

Գրիգորյանի խոսքով՝ «Աշխատանքային խմբի բոլոր նիստերը մինչ օրս անցել են կառուցողական երկխոսության ձեւաչափով: Մենք հույս ունեինք, որ աշխատանքը կշարունակվի այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արձանագրվել են երեք երկրի ղեկավարների հայտարարություններում, ինչպես նաեւ արդեն համաձայնեցվել են փոխվարչապետների աշխատանքային խմբի քննարկումների ընթացքում»,-հավելել է նա:

«Նաև կար ընկալում, որ ճանապարհների հանդեպ ինքնիշխանությունը պահպանում են այն երկրները, որոնց տարածքներով անցնում են դրանք, և այդ ճանապարհները, իրենց հերթին, կլինեն այն երկրի իրավազորության ներքո, որով անցնում են։ Մյուս հարցերով կան նյուանսներ»,- ասել է Մհեր Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, որի մանրամասների մասին, սակայն, տեղեկություններ չհաղորդվեցին:

Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանից ակնկալում է լսել ժամկետներ, թե «երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, և այդ ժամանակ ոչ մի խնդիր չի լինի»։ «Կարծում եմ՝ և Հայաստանի ղեկավարությունը, և հասարակությունը, և Հայաստանի բնակչությունը պետք է հասկանան դա։ Մենք հասանք, հասնում ենք և կհասնենք մեր ուզածին»,- ասել է նա։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ Հայաստանի ԱԳՆ-ն նշել է, թե Ալիևի հայտարարությունը հակասում է Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին։