կարևոր
2212 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-08 10:40

Խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված. Սեյրան Օհանյան

Խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված. Սեյրան Օհանյան

«Երեկ ԱԺ շենքում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը, հերթական անգամ խորհրդարանի պատգամավորական մեծամասնության նախաձեռնությամբ ու մասնակցությամբ փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի ճղճիմ ձևով՝ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել նրանց վրա»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել այս շենքում իբր անվտանգությունն ապահովող ՊՊԾ-ն, որը մեկ անգամ ևս հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված:

«Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում է մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ է ընտրել, իսկ եթե ուզում է հանրության ուշադրությունը շեղել Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միջոցների մսխման հաշվետվությունից և Արցախի թեմայով Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու»,- շեշտեց Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ դեպքը չի մոռացվելու, սպասելու են իշխանության արձագանքին:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուք էր եղել: Իշխանական պատգամավորները հարձակվել էին «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորների օգնականների վրա: