կարևոր
883 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-08 10:34

Հայաստանում շարունակաբար տեղի է ունեցել դենիկոլիզացիա. ՔՊ-ի ձայները նվազել են 38.7 տոկոսով

Հայաստանում շարունակաբար տեղի է ունեցել դենիկոլիզացիա. ՔՊ-ի ձայները նվազել են 38.7 տոկոսով

Դեկտեմբերի 5–ին Հայաստանի 7 մարզի 36 համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Քաղաքացիները ընտրեցին տարբեր քաղաքական ուժերի ավագանու անդամների, որոնք կիրականացնեն համայնքների կառավարումը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրություններին մասնակցեց 2021 թվականի հունիսի 20–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների խորհրդանիշներով ու կարգախոսներով, մի շարք համայնքներում պարտություն կրեց։ Բայց որ ամենահետաքրքիրն է, անգամ այն համայնքներում, որտեղ հաղթեց «ՔՊ»–ն, հունիսի 20–ի ընտրությունների համեմատ զգալիորեն նվազ թվով ձայներ հավաքեց։

AntiFake.am–ը համեմատել է ինչպես վերջին, այնպես էլ համամասնական ընտրակարգով անցկացված նախորդ երկու՝ հոկտեմբերի 17–ի և նոյեմբերի 14–ի 4 մարզերի 9 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, որտեղ նույնպես «ՔՊ»-ն զգալի թվով ձայներ է կորցրել։

Այսպես, ՏԻՄ երեք ընտրություններն անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում՝ ընդգրկելով քվեարկելու իրավունք ունեցող 1․355․621 քաղաքացի, որը կազմում է Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 52 տոկոսը։ ՏԻՄ երեք ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 565․080 ընտրող։ Համեմատության համար նշենք, որ համայնքային ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը կազմում է Ազգային ժողովի ընտրություններում իրենց ակտիվ ընտրական իրավունքն իրացրած քաղաքացիների 44 տոկոսը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 10 մարզի 45 համայնքում համամասնական ընտրակարգով կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հավաքել է ընդամենը 263946 ձայն։ Մինչդեռ Ազգային ժողովի ընտրություններում «ՔՊ»–ի հավաքած ձայների թիվը 430485 էր։

Նշենք, որ հաշվի առնելով խոշորացված համայնքներում ընդգրկված նոր բնակավայրերի կազմը՝ ԱԺ ընտրություններում ՔՊ–ի ստացած ձայների հաշվարկը կատարվել է բոլոր այն բնակավայրերից, որոնք ընդգրկվել են խոշորացված համայնքների կազմում։

Այսպիսով՝ հունիսի 20–ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանում շարունակաբար տեղի է ունեցել դենիկոլիզացիա․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները կես տարվա ընթացքում նվազել են 166539–ով կամ 38.7 տոկոսով։

Ազգային ժողովի և ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայների թիվը՝ ըստ համայնքների՝ աղյուսակում․

Մանրամասն սւումնասիրությունը տես սկզբնաղբյուր կայքում: