Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագ երկրների ներկայացուցիչները հրապարակել են համատեղ հայտարարություն: Ներկայացնում ենք ոչ պաշտոնական թարգմանությունը.
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:
Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսությունը, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարների մակարդակով՝ տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու համար:
Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջ ծավալով կատարել այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և հաստատել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի, ինչպես նաև հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների մեջ:
Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ մարդասիրական հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու համար, ներառյալ մասնավորապես՝ ձերբակալվածներին, ականազերծման, անհետ կորածներին, տեղահանված անձանց կամավոր վերադարձին և պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանությանը, և կառուցողական աշխատել այլ չլուծված հարցերի լուծման ուղղությամբ, ինչպիսիք են սահմանների սահմանազատման և սահմանագծման, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ:
Համանախագահող երկրները նաև մտահոգությամբ են նշում սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերը և հաստատում, որ ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը սահմանային վեճերի լուծման համար անընդունելի է:
Համանախագահ երկրները նաեւ հիշեցնում են Հայաստանին եւ Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու իրենց պարտավորության մասին եւ կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտության հետեւանքով տուժածտարածքների եւ բնակչությանը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության բոլոր սահմանափակումները:
Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում որքան հնարավոր է շուտ ընդունել համանախագահներին տարածաշրջանում, որպեսզի նրանք կարողանան տեղում առաջին ձեռքից գնահատել իրավիճակը, զգալի առաջընթացի հասնել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում, և համաձայնության հասնել ապագա միջոցառումների օրակարգի շուրջ:
Նրանք կրկին հայտարարում են տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (PRCIO) շարունակական աշխատանքին իրենց վճռական աջակցության մասին եւ կողմերին կոչ են անում լիարժեք համագործակցել նրա հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հավատարմությունը արցախյան հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու հարցում կողմերի հետ համագործակցությանը ՝ իրենց մանդատին համապատասխան ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, բարգավաճ եւ խաղաղ ապագային աջակցելու նպատակով»: