կարևոր
3313 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 23:28

Շիրակում ևս բողոքի ակցիա է․ պահանջում են անհապաղ հանդիպում մարզպետի հետ

Շիրակում ևս բողոքի ակցիա է․ պահանջում են անհապաղ հանդիպում մարզպետի հետ

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում  Շիրակի մարզպետարանի դիմաց։ Նրանք փակել են մարզպետարանի դիմացի փողոցները և պահանջում են անհապաղ հանդիպում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։ Հավաքվածների զայրացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գերիների վերաբերյալ։

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ անդրադառնալով թեմային՝ գրել է «Սա էլ Գյումրու մարզպետարանի դիմաց են հավաքվել ծնողները...Մարդիկ ժամանակ չունեն, կոալիցիոն քեֆերի մեջ են...»

Ավելի վաղ հայտնել ենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները փակել են արդեն Տիգրան Մեծի պողոտա-Ամիրյան փողոց հատվածը: Նրանք կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար: Հարազատները հայտարարեցին՝ քանի որ ԱԺ նախագահը դեռ չի եկել, իրենք որոշել են կառավարության շենքի հարակից փողոցները փակել: Երբ հավաքվածները փակեցին Տիգրան Մեծի պողոտայի հարակից հատվածը, ոստիկանները հորդորեցին նրանց դուրս գալ երթեւեկելի հատվածից՝ նշելով, որ փողոց փակելու իրավունք չունեն, հարազատներն էլ, ի պատասխան, բերելով 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժման ժամանակ փողոցներ փակելը, պնդեցին, որ իրենք էլ, հատկապես՝ իրենց երեխաների ճակատագիրը պարզելու հարցով, նույնպես կարող են փողոց փակել: