կարևոր
547 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-07 20:15

Փոխադարձ մեղադրանքների պատճառով 3 ժամ ուշացմամբ հաստատվեց օրակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկ րոպե լռությամբ պատգամավորները հարգեցին 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը: Քառօրյայի մեկնարկին երդում տվեց «Հայաստան» խմբակցության նոր պատգամավորը, բայց՝ այլ տեքստով. Ասպրամ Կրպեյանը երդվեց հանուն ազատ ու անկախ Հայաստանի հավատարիմ մնալ հոր` Թաթուլ Կրպեյանի անմնացորդ նվիրումին առ հայրենիք:

Երդման սկիզբը, սակայն, պատգամավոր Լուսինե Բադալյանի սրտով չէր: Թեեւ Ազգային ժողովի նախագահը նիստին ներկա չէր, նրան հեռակա հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Ինչ բարոյական իրավունքով է Ալեն Սիմոնյանը պետբյուջեի հաշվին 200 հազար դոլար արժողությամբ մեքենա գնում, երբ նույն օրը գործադիրը մերժում է կենսաթոշակը բարձրացնելու մասին Հայաստան դաշինքի առաջարկը` պատճառաբանելով, թե գումար չկա: Իր անունը լսելով՝ աշխատասենյակից նիստերի դահլիճ շտապեց Սիմոնյանը:

Քառօրյայի օրակարգում չընդգրկվեց Թագուհի Թովմասյանի նախագիծը: Նա առաջարկում էր քաղաքացիական հիվանդանոցներում զինծառայողների սպասարկումն իրականացնել արտահերթ: Իշխանությունը, սակայն, դեմ է զինծառայողների ու մյուս պացիենտների միջեւ տարբերություն դնելուն:

Սահմանազատման ու սահմանագծման մասին «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը նույնպես դուրս մնաց նիստերի օրակարգից: Իշխող խմբակցությունն այն քաղաքական որակեց, քանի որ ընդդիմադիրները դրանում քննադատել են կառավարությանը: Հայտարարության լրամշակված տարբերակը ընդդիմությունը դեկտեմբերի 14-ին խորհրդարան կբերի արտահերթ նիստով: Բայց իշխող ուժը չի հավատում, որ նոր տարբերակն առանց քաղաքական ենթատեքստի կլինի:

Հայկ Կոնջորյանն առաջարկեց աշխատանքային խումբ ձեւավորել ու միասին գրել տեքստը: Համագործակցության կոչ արեց նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը արտաքին քաղաքական հարցերով իր գնահատմամբ ամենակոմպետենտ ընդդիմադիրներ Արմեն Ռուստամյանին ու Հայկ Մամիջանյանին:

Քառօրյայի օրակարգը հաստատվեց երեք ժամ հետո միայն: Դե մինչ դա փոխադարձ մեղադրանքներն էին: Իշխանականները պարբերաբար Ռոբերտ Քոչարյանին էին հիշում, ընդդիմադիրներն էլ՝ հակադարձում: Նիստերի օրակարգում Հայաստան խմբակցության նախաձեռնությամբ ընդգրկվել էր ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրի ու նրանց վերադարձի հարցերով քննարկումը:

Ռուբինյանը հիշեցրեց ընդդիմադիրներին, որ նրանք Փաշինյանից փակ հանդիպման հրավեր ստացել են, բայց մերժել: Կամ էլ խորհուրդ տվեց ռազմագերիների մասին հարցերը Փաշինյանին ուղղել խորհրդարանական հերթական հարցուպատասխանի ժամանակ: Հակասությունը Արծվիկ Մինասյանը նկատեց. մի դեպքում իշխանությունը պնդում է ռազմագերիների հարցով քննարկումը փակ անել, մյուս դեպքում՝ առաջարկում այդ թեմայով հարցերը Փաշինյանին ուղղել ուղիղ եթերով հեռարձակվող նիստի ժամանակ, քանի որ վարչապետը զբաղվածության պատճառով չէր կարողացել փակ քննարկմանը ներկայանալ:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։