կարևոր
1474 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-07 19:05

Դատախազությունն Ազգային ժողովում տեղի ունեցածի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ

Դատախազությունն Ազգային ժողովում տեղի ունեցածի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ

Դատախազությունը ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ դեպքին վերաբերող հրապարակումներն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Ըստ նրա՝ ՔՊ ներկայացուցիչները, սուրճ խմելու պատրվակով, ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։ «Սուրճի հրավիրելուց հետո սենյակ են ներխուժում մոտ 20 հոգի, նրանց մեջ՝ մի խումբ պատգամավորներ և սկսում են հարվածել տղաներին»,- ասաց Վարդևանյանը։ 

Վարդևանյանը հայտնել է նաև, որ ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ է ստացել ընդդիմադիր պատգամավորների օգնականներից երեքը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուք է եղել: Իշխանական պատգամավորները հարձակվել են «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորների օգնականների վրա: 

Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը: Նա նշել է. «Իշխանական պատգամավորները, ֆիքսել եմ մասնավորապես Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին և Սիսակ Գաբրիելյանին, հայհոյել և հարձակվել են մեր տղաների վրա: Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կանգնած էին, ոչ մի բան չէին անում»: