կարևոր
538 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-07 16:10

Ռազմագերիների հարցով Խորհրդարանը փակ նիստ է անցկացնում

Ռազմագերիների հարցով Խորհրդարանը փակ նիստ է անցկացնում

Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ «Ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկում է ընթանում։ Այն, սակայն դռնփակ է անցկացվում իշխանական մեծամասնության պահանջով: 

Նիստին ներկա են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:

Նիստն ընթացավ մի քանի րոպե, քանի որ ընդդիմության հրավիրած քաղաքական պաշտոնյաները չէին եկել: Ընդդիմությունը բոյկոտեց նիստը և հեռացավ:

Ընդդիմությունը պահանջել էր, որ քննարկմանը մասնակցեն նաև Նիկոլ Փաշինյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները եւ Արտաքին գործերի նախարարը։ Նշված պաշտոնյաները, ընդդիմադիրների կարծիքով, ուղղակի պատասխանատվություն են կրում գերիների ճակատագրի համար, ուստի նրանց մասնակցությունը եւ հանրության լայն շերտերին իրավիճակը ներկայացնելը պարտադիր են։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ այսօրվա ԱԺ նիստին հայտնել էր, թե «Կառավարությունից ով կգա կամ չի գա այդ քննարկմանը, կարծում եմ, ձեր և Կառավարության հարաբերությունների կամ Կառավարության նպատակահարմարությունների տիրույթում է» և հավելել էր, որ տեղեկացրել են Կառավարությանն այդ մասին, եթե ժամանակը ների՝ ՀՀ վարչապետը կմասնակցի։

«Մեզ ասում եք ուղարկել ենք հրավերը, բայց արձագանքը՝ զրո: Սա նշանակում է, որ խորհրդարանական մեծամասնությունը չի արժեվորում խորհրդարանի դերը, առաջնորդվում է՝  ընդդիմություն-իշխանություն ճակատում կռիվ տալով։ Մեր առաջարկն այն է, որպեսզի այս՝ պառլամենտական քննարկումները դարձնել առարկայական՝ օգտակար դարձնելով դրանք մեր պետության և մեր այդ քաղաքացիներին շուտափույթ վերադարձի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով»,- նշել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։