կարևոր
1435 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 15:04

Գյումրիում հիշատակի միջոցառումներ անցկացվեցին

Գյումրիում հիշատակի միջոցառումներ անցկացվեցին

Ինչպես միշտ, այս տարի ևս Գյումրիում 1988 թվականի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին պատարագով:

Առավոտյան հոգեհանգստի պատարագ մատուցվեց Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում, իսկ 11:41-ին քաղաք այցելած բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները՝ գյումրեցիների հետ միասին ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Հուշակոթողի մոտ կատարվեց հոգեհանգստի կարգ՝  թեմակալ առաջնորդի ձեռամբ: «Ապրենք նաև ննջեցյալների փոխարեն, սակայն ապրել չի նշանակում գոյատևել, ապրել նշանակում է լիարժեք ապրել իբրև հայ, իբրև քրիստոնյա, իբրև քաղաքացի, հայրենասեր ու աստվածասեր ազգ: Սա իրենք չկարողացան անել արհավիրքի պատճառով՝ իրենց փոխարեն մենք պետք է ապրենք: 33 տարի շարունակ ապրում ենք՝ Աստված մեզ տվեց նրանց փոխարեն ապրելու հնարավորությունը: Աստված թող ուժ ու կարողություն տա՝ նրանց չարածը անելու»,-իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հայաստանում 33 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: