կարևոր
952 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-07 13:20

Արմեն Անդրեասյանը և Արամ Գասպարյանը կկալանավորվեն

Արմեն Անդրեասյանը և Արամ Գասպարյանը կկալանավորվեն

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարեց դատախազության բողոքը։ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով մեղադրյալներ Արմեն Անդրեասյանը և ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար «Ալֆայի Չիկոն»՝ Արամ Գասպարյանը կկալանավորվեն։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության բողոքը՝ բեկանելով նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատավոր Արմեն Դանիելյանի կողմից որոշումը հրապարակելուց հետո ամբաստանյալները հայտարարեցին՝ ուրիշ բան չէին էլ սպասում։ Դանիելյանի որոշումը բուռն արձագանք ստացավ նաև դատական նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիների շրջանում՝ «Ով ես դու, անամոթ» բացականչությունները դահլիճում չէին դադարում։

Ավելի վաղ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել էր անփոփոխ, իսկ Գասպարյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Անդրեասյանին նկատմամբ նախաքննական մարմնի կողմից գրավ էր կիրառվել՝ 20 մլն դրամի չափով, սակայն նա հնարավորություն չէր ունեցել վճարելու գրավի չափը, դատարանն էլ որոշել էր գրավի չափ սահմանել 5 մլն դրամը։ Դատախազությունը վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր թափ հաղորդվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումներին։ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հուլիսի 10-ին կալանավորվել է։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (չորս դրվագ) հատկանիշներով։ Փարամազյանը, սակայն, շարունակում է մնալ Քաջարանի համայնքապետ:

Այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս վեց անձ, այդ թվում՝ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանը, որն ավելի հայտնի է Ալֆայի Չիկո անունով։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի, 144-րդ հոդվածի (երկու դրվագ) հատկանիշներով։ Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։

Հավելենք, որ կալանավորված են նաև Սյունիքի մարզի Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը, ինչպես նաև՝ Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը: