կարևոր
1717 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-07 12:15

«Հայաստան» խմբակցությունը սահմանազատման հիմնախնդրի վերաբերյալ արտահերթ նիստ է առաջարկում

«Հայաստան» խմբակցությունը սահմանազատման հիմնախնդրի վերաբերյալ արտահերթ նիստ է առաջարկում

Խորհրդարանի իշխանական մեծամասնությունը հավանություն չտվեց «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագծին: Այն չընդգրկվեց ԱԺ օրակարգ․ կողմ էր ընդամենը 28 պատգամավոր։ Նախագիծը քննարկվել էր նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ ՔՊ-ական անդամների քվեարկությամբ նախ հարցը դռնփակ քննարկվեց, ապա նախագիծը մերժվեց

Այնուհանդերձ, ԱԺ նիստին վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան»խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ լրամշակված տարբերակը դրվելու է շրջանառության մեջ, և դեկտեմբերի 14–ին պատգամավորների մեկ քառորդի ստորագրությամբ առաջարկելու են արտահերթ նիստ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանն ասաց, թե այդ հայտարարության մեջ կան ներքաղաքական բովանդակություն և ներքաղաքական  պիտակներ հետապնդող ձևակերպումներ։ Հանձնաժողովի նիստին էլ Էդուարդ Աղաջանյանն էր նշել, թե նախագծում մի շարք զգայուն հարցեր կան, որոնց հրապարակային քննարկումը կարող է խոչընդոտել  բանակցային հարցերին, ինչպես նաև հարուցել անվտանգային խնդիրներ, և առաջարկել էր հարցի քննարկումը շարունակել փակ:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հակադարձեց, որ հայտարարության մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա և հավելեց, որ նախագծի նպատակն է զերծ պահել գործադիրին ժողովրդի թիկունքում գործողություններ կատարելուց, ինչը վնաս կհասցնի մեր երկրին։ 

Դեռևս նոյեմբերի 25-ին խորհրդարանում շրջանառության մեջ էր դրվել սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը, որով նախաձեռնության հեղինակները ՀՀ կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով: 

Նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չպետք է տարանջատվի Արցախի ժողովրդի՝ իր պատմանական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից: Բացի այդ, կոչ է արվում միջազգային հանրությանը եւ բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ: 

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որի ընթացքում Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր ԱԺ հայտարարության նախագիծը: