ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ընթացիկ քառօրյային առաջարկել է հրատապ քննարկումներ նախաձեռնել «Ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով։
Մեր առաջարկն այն է, որպեսզի այս պառլամենտական քննարկումները առարկայական լինեն՝ օգտակար դարձնելով դրանք մեր պետության և մեր քաղաքացիներին շուտափույթ վերադարձի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով: Այս մասին Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նախաձեռնողները պահանջեցին Կառավարության ղեկավարի, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների եւ Արտաքին գործերի նախարարության ղեկավարի մասնակցությունը։ Նշված պաշտոնյաները, ընդդիմադիրների կարծիքով, ուղղակի պատասխանատվություն են կրում գերիների ճակատագրի համար, ուստի նրանց մասնակցությունը եւ հանրության լայն շերտերին իրավիճակը ներկայացնելը պարտադիր են։ «Կարողացե՞լ եք ապահովել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը, ԱԱԾ տնօրենը ներկա լինեն նիստին»,-նիստը նախագահողին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Ի պատասխան ՔՊ-ական ԱԺ փոխնախագահը նշեց, թե «Կառավարությունից ով կգա կամ չի գա այդ քննարկմանը, կարծում եմ, ձեր և Կառավարության հարաբերությունների կամ Կառավարության նպատակահարմարությունների տիրույթում է»։
«Երբ որոշում եք փակ ռեժիմով անցկացնել հանրային հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումը, նշանակում է փակում եք այդ մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, երկրորդը՝ առաջարկում ենք գտնել մեխանիզմ՝ առնվազն գոնե 15 հարազատ հրավիրել, թող այդ քննարկմանը մասնակցեն, նորից արձագանքը զրո էր ձեր կողից, երրորդ՝ առաջարկում էինք Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք ուղղակի պատասխանատու են, գան ու պարզաբանում տան: Մեզ ասում եք ուղարկել ենք հրավերը, բայց արձագանքը՝ զրո: Սա նշանակում է, որ խորհրդարանական մեծամասնությունը չի արժեվորում խորհրդարանի դերը, առաջնորդվում է՝ ընդդիմություն-իշխանություն ճակատում կռիվ տալով։ Մեր առաջարկն այն է, որպեսզի այս՝ պառլամենտական քննարկումները դարձնել առարկայական՝ օգտակար դարձնելով դրանք մեր պետության և մեր այդ քաղաքացիներին շուտափույթ վերադարձի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով»,-խոսքը եզրափակեց Արծվիկ Մինասյանը։