Այսօր Ազգային Ժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորական երդմամբ պաշտոնապես ստանձնեց մանդատը:
«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,
հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի` երդվում եմ հավատարիմ մնալ հորս` Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ, անմնացորդ նվիրումին առ Հայրենիք:
Կատարել 2020թ. նոյեմբերի 10-ի լուսադեմին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տվածս երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման:
Քանզի չկա Հայաստան` առանց Արցախ և չկա Արցախ` առանց Հայաստան:
Հավերժական Հայաստան լինելու է»:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ասպրամ Կրպեյանը պատգամավորական երդում չտվեց, քանի որ ընդդիմությունը բոյկոտել էր նիստը:
Ինչպես հայտնել էինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից, որին, ըստ ցուցակի, հաջորդում էր Առուշ Առուշանյանը: Նա ՏԻՄ ընտրություններում վերընտրվել էր Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար և հրաժարվել էր մանդատից: Հետեւաբար, պատգամավորական մանդատը ստանձնում է դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածու Թաթուլ Կրպեյանի դուստր, ՀՅԴ անդամ Ասպրամ Կրպեյանը: