կարևոր
643 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 23:03

Ընտրություններին մասնակցած մի շարք ուժեր հայտնել են կոալիցիա կազմելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թեեւ ողջ երկրում դեկտեմբերի 5-ին ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները, և հայտնի են արդյունքները, բայց անորոշ է, թե ովքեր են ղեկավարելու շատ խոշորացված համայնքներում։ Ընտրություններին մասնակից ուժերին չի հաջողվել անհրաժեշտ 50+1-ը հավաքել, եւ լուծումը մնում է կոալիցիոն ձեւաչափերի շուրջ համաձայնույթունը։ Ընտրությունների մասնակցած մի շարք ուժեր հայտնել են կոալիցիա կազմելու մասին:

Շատ համայնքներում ոչ մի կուսակցություն չի ստացել 50+1 ձայն եւ չի կարող միանձնյա իշխանություն ձեւավորել, ավագանի անցած ուժերից 2-ը կամ 3-ը պետք է միավորվեն եւ համայնքապետ ու համայնքային իշխանություն ընտրեն:

36 համայնքից ընդամենը 15-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կկարողանա իշխանություն ձեւավորել, իսկ 21 համայնքում ոչ իշխանական ուժերը, 8-ում միանձնյա, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնություն:

Թալինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 46,63 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ նա պետք է միանա 3 կուսակցությունից որեւէ մեկին, որպեսզի ձեւավորվի իշխանություն: «Զարթոնք»-ը չի միանա, որովհետեւ արմատական ընդդիմություն է, իսկ նրանց առաջին համարը մյուս ուժը ձեւավորվել է «Հայ հեղափոխական դաշնակցության» եւ «Համերաշխության» կուսակցությունների դաշինքով, որի թեկնածուն նույնպես խիստ ընդդիմադիրր է եւ չի միանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Արարատում եւս կոալիցիոն բանակցություններ են ընթանում, այստեղ մասնակցած 5 ուժից ոչ մեկը 50+1 չի ստացել: Վեդիում էլ միանձնյա իշխանություն ձեւավորել չի ստացվելու, որովհետեւ ընտրություններին մասնակցած երեք ուժից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 39,12 տոկոս ձայն, իսկ համայնքապետի ստեղծած կուսակցությունը՝ 44,8 տոկոս, բայց ակնհայտ է, որ «Հանրապետություն» կուսակցությունը իր ձայները կտա իշխանությանը:

Վարդենիսում իրավիճակը նույնն է, ընդդիմադիր երկու ուժը կարող են միանալ եւ իշխանություն վերցնել: Վանաձորում, ըստ ամենայնի, կմիանան Մամիկոն Ասլանյանն ու Արկադի Փելեշյանը, որն առաջադրվել է ՀԱՍԿ կուսակցության կողմից: Աբովյանում հավանական կոալիցիան կկազմվի ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից, ու Էդուարդ Բաբայանը կդառնա համայնքապետ:

Ամասիայում, Արթիկում եւ Վայքում իրավիճակը նույնն է:

Ընտրությունների ավարտից հետո արդեն իշխանական պատգամավորներից շատերը սկսեցին ազդարարել իրենց թեկնածուների համատարած հաջողությունների մասին։ Ավելի ուշ արդեն պարզ դարձավ, որ իշխանական քվեները 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների համեմատ կիսով չափ պակասել են։ Նույն տարածքներում ստացած 432 հազարի փոխարեն արդեն կողմ է եղել շուրջ 220 հազարը։ Ընտրություններից հաշված ժամեր անց Նիկոլ Փաշինյանը անուղղակի, նման արդյունքները արդարացնելու համար, նշում էր իբր ընտրախախտումներ չանելու փաստը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով ՏԻՄ ընտրությունները ամենալավ գնահատականը արդյունքների առումով տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձախողել է այս ընտրւթյունները: Ըստ նրա, Փաշինյանը փորձել է դա արդարացնել նրանով, որ զաբաղված են եղել արտաքին անվտանգային մարտահրավերներով, ավելի կարեւոր գործեր են ունեցել, դրա համար իրենց կանխատեսածից ավելի վատ արդյունքներ են արձանագրել, քանի որ կաշառք չեն բաժանել, խախտումներ տեղի չեն ունեցել:

Նշենք նաեւ, որ Ախուրյանում արդեն ընդիմադիր երկու ուժ հայտարարել են միանալու եւ իշխանություն ձեւավորելու մասին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ մնալու է առանց իշխանության։

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում: