կարևոր
1633 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-06 21:57

Իշխանականները չընդունեցին սահմանազատման մասին ընդդիմության հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանազատման եւ սահմանագծման մասին «Հայաստան» խմբակցության հայտարարությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միանգամից մերժեց՝ դեռ նիստը չսկսված:

«Հայտարարության մեջ քաղաքական բովանդակություն կա. կառավարությանն են քննադատում, ինչին չեն կարող համաձայնել իշխանականները»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Եթե խնդիրը միայն քաղաքական բովանդակությունն է, ընդդիմադիրները պնդեցին՝ մասնագիտական հանձնաժողով են բերել նոր լրամշակված տարբերակը, բայց սա եւս քաղաքական համարեցին իշխանականները: 

Ի սկզբանե մերժված նախագիծը իշխանական պատգամավորները որոշեցին դռնփակ քննարկել՝ ասելով, թե զգայուն հարցերի է առնչվում: 

Ընդունելի, թե անընդունելի, միեւնույն է՝ քննարկումը փակ դռների ետեւում շարունակվեց: Երկու ժամից ավելի քննարկեցին ու մերժեցին արդեն իսկ մերժված նախագիծը:

«Ոչ միայն քաղաքական գնահատականներն էին անընդունելի, այլեւ բովանդակային մի շարք կետեր»,-ասաց Աղաջանյանը: 

Փոխարենը փակագծերը ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանն է բացում, թե որ կետերն իր ընկալմամբ չեն ընդունում իշխանականները: 

«Ադրբեջանն արգելում է հայ բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին Արցախ գնալ, իսկ Հայաստանը ի պատասխան անատամ հայտարարություններ է անում»,-քննադատում է Ռուստամյանը:

Աղաջանյանն էլ վստահեցնում է՝ կոշտ հայտարարությունների փոխարեն չվնասելու սկզբունքով են առաջնորդվում: 

«Եթե իշխանությունները սահմանազատման ու սահմանգծման հարցը որոշում են փակ քննարկել, նշանակում է ընդունում են, որ կուլիսային գործընթացներ կան»,-պնդում է Արմեն Ռուստամյանը՝ նկատի ունենալով զիջումների մասին բանավոր պայմանավորվածությունները:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: