կարևոր
628 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 21:18

Մենք շարունակում ենք պայքարել ճշմարտության համար. Քերոլայն Քոքս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում հայության ձայնը բարձրացնող բարոնուհի Քերոլայն Քոքսը Հայաստանում եւ Արցախում եղել է ավելի քան 90 անգամ. վերջին 2 այցից հետո մեր երկրից հեռացել է խորապես վշտացած: Հայաստանում էր այս տարի ապրիլին, ապա սեպտեմբերին: Տեսակապի միջոցով պատմում է՝ հանդիպել է բազմաթիվ մարդկանց հետ, որոնք ստիպված էին հեռանալ Արցախից, լսել նրանց հուզիչ պատմությունները:

Ադրբեջանի անպատժելիության, կատարած հանցանքների եւ դրանց հետեւանքով տուժած հայերի պատմությունների մասին բարոնուհի Քոքսը 2 զեկույց է կազմել: Ցույց է տալիս ու պատմում՝ դրանցում ներկայացված են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները, ամրագրված է՝ Ադրբեջանը դեռ հրաժարվում է ազատ արձակել հայ բոլոր ռազմագերիներին, ոչնչացնում է հայկական պամամշակութային ժառանգությունը: Բարոնուհին նկարագրել է նաեւ սեպտեմբերին Սյունիք կատարած այցը. Գորիս-Կապան ճանապարհին ստիպված էին անցնել ադրբեջանական 2 անցակետով:

Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսը անհանգստացած է Ադրբեջանի վերջին հարձակումներից, հետեւում է տարածաշրջանում կատարվող գործընթացներին: Ի դեպ, բարոնուհուն սարսափեցրել էր նաեւ պատերազմից հետո Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակը»: Հատկապես ազդվել է այս կադրերց՝ ինչպես է Ադրբեջանի նախագահը գոհ դեմքով քայլում հայ զոհված զինծառայողների սաղավարտներից կառուցված միջանցքով:

Միացյալ Թագավորությունն արեւմտյան այն քիչ երկրներից է, որ դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նոյեմբերին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Դեռ պետք է կայանա երկրորդ ընթերցումը: Ինչպես այս ամենին կարձագանքի բրիտանական կառավարությունը, բարոնուհի Քոքսն ասում է՝ չգիտի, բայց փաստում է, որ մինչ այսօր իրենց կառավարությունը ցավալիորեն հրաժարվում է ճանաչել ցեղասպանությունը:

Նաեւ իր բարեգործական կազմակերպության միջոցով հայերին աջակցող բարոնուհի Քոքսը վստահեցնում է՝ Հայաստան ու Արցախ նորից կայցելի, քանի որ իր սիրտն այստեղ է: Ընդգծում է այցերի կարեւորությունը՝ իր ելույթները Լորդերի պալատում ավելի լսելի են լինում, քանի որ ներկաները գիտեն՝ իր խոսքերը ոչ թե ինչ-որ զեկույցից հատվածներ են, այլ պատմում է անձամբ տեսածն ու լսածը: Այդ պատճառով շարունեկելու է հանդիպել հայերին՝ լսելու եւ կիսելու նրանց ցավը, բարձրացնելու նրանց ձայնը միջազգային հարթակներում:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: