կարևոր
2644 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-06 19:37

ՏԻՄ ընտրությունները գործող ազգակործան իշխանություններին դիմադրելու հերթական հնարավորությունն էր. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

ՏԻՄ ընտրությունները գործող ազգակործան իշխանություններին դիմադրելու հերթական հնարավորությունն էր. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ամփոփելով դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, հայտարարություն է տարածել.

«2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունները գործող ազգակործան իշխանություններին դիմադրելու հերթական հնարավորությունն էր: Գրանցված հաջողություների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցությունը՝ առանձնաբար և դաշինքներով, հաջողություն է գրանցել 18 համայնքում և, կոալիցիոն ձևաչափով, տեղական իշխանություն կձևավորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում: Նախատեսվում է համագործակցություն ծավալել նաև այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ:

Կայացած ընտրություններն անցան լարված, հակամրցակցային պայմաններում՝ պետական և տեղական իշխանության լծակների և ռեսուրսների օգտագործմամբ, բազմապիսի ապօրինությունների և ճնշումների պայմաններում: Ակնհայտ է՝ իշխանությունը պահպանելու և կենտրոնացնելու մոլուցքով տարված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է վտանգներով լի իր քաղաքականությունը տեղայնացնել նաև համայնքներում: Սակայն քաղաքացիների ու նրանց առաջնորդող ուժերի ակտիվ դիմադրությունն ապացուցեց, որ երկիրը պատերազմի, կորուստների և աղետի առջև կանգնեցրած իշխանությունը մերժված է հանրության զգալի մասի կողմից:

Տրված քվեների և ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներին և գործընկերներին: Ապազգային իշխանության դեմ մեր պայքարը շարունակվում է. ուժերն առավել համատեղելու դեպքում մեր հայրենիքի ու նրա զավակների համար կբացվեն նոր հնարավորություններ»:

Հավելենք, որ Դաշնակցությունը ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունն էր: ՀՅԴ թեկնածուները և դաշինքները հայտարարություն էին տարածել, որով բացառել են ՔՊ կուսակցության ավագանու հետ որևէ համագործակցություն: