կարևոր
1492 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-06 19:16

Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների անցկացման և բարձրաստիճան այցեր պարբերաբար կազմակերպելու կարևորությունը:

Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձան նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ։

Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին առնչվող հարցերին։

Ֆիննական կողմի խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախի Հանրապետության հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այդ համատեքստում կարևորվեց Արցախի Հանրապետության հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատեց իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին:

Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությանն ընդունեց նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Կողմերն անդրադարձան բազմակողմ հարթակներում հայ-ֆիննական արդյունավետ համագործակցությունը։

Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությունը ծաղկեպսակ զետեղեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։