կարևոր
2086 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-06 16:18

ՄԻՊ-ն իր որոշմամբ ճանաչել է Երևանի քաղաքապետարանի կողմից տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը

ՄԻՊ-ն իր որոշմամբ ճանաչել է Երևանի քաղաքապետարանի կողմից տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր որոշմամբ ճանաչել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը Երևանի քաղաքապետարանի կողմից։

ԻԱԿ-ը Պաշտպանին էր դիմել՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու խախտված իրավունքի վերականգնման հարցում: Երեք ամիս շարունակ` օգոստոսից ի վեր, ԻԱԿ-ը փորձում էր քաղաքապետարանից ստանալ տեղեկություններ համայնքի հողը զավթած և ապօրինի շահագործվող քարի արտադրամասի գործունեության մասին, և ուղարկված մի քանի հարցումներին ու անգամ բողոքին պատշաճ ընթացք չի տրվել Երևանի քաղաքապետարանի կողմից։

 Պաշտպանն իր որոշմամբ արձանագրում է, որ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցումներին պատշաճ և սպառիչ պատասխան չտրամադրելով՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղեկություններ ստանալու վերջինիս իրավունքը:

Նույն որոշմամբ Պաշտպանն առաջարկել է Երևանի քաղաքապետարանին տվյալ որոշման շրջանակում քննարկված հարցադրումներին տրամադրել պատշաճ և ամբողջական տեղեկություններ։

«Երեւանի քաղաքապետարանի լրատվության պատասխատուներ, կարդացեք այս դասական որոշումը, շատ բան կարող եք սովորել։ Այն պետք կգա առաջիկա դատական գործընթացներում, երբ ԻԱԿ-ի բողոքի հիման վրա կքննարկվի ձեզ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար։ Ձեզ այլ կերպ բան սովորեցնելու ձև, ցավոք, չթողեցիք»,- գրել է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

ՄԻՊ-ի որոշումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: