Հայաստանում քաղաքական հետապնդումներն ոչ միայն շարունակվում են, այլև՝ նոր թափ են առել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Եթե երեք տարի առաջ՝ իշխանափոխությունից հետո, քաղաքական իշխանության կողմից որպես գործիք օգտագործվում էր ՀՀ դատախազությունը և հատկապես ՀՔԾ-ն, ներկա պահին, ցավոք սրտի, ունենք իրավիճակ, որ որպես գործիք օգտագործվում է նաև դատական համակարգը»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ երեք տարի առաջ դատական համակարգը դեռ փորձում էր դիմադրել, ունեինք և ունեցել ենք դատավորներ, որոնք անկախ այդ բիրտ ճնշումներից, այնուամենայնիվ, արդարադատություն էին իրականացնում՝ կայացնելով Սահմանադրության և օրենքներին համապատասխան որոշումներ։
Ալեքսանյանի դիտարկմամբ՝ այդ դատավորները մինչ օրս էլ գոյություն ունեն, բայց վերջին ժամանակահատվածում դատական իշխանության վերաբերյալ համապատասխան բարեփոխումների հետևանքով այդ դատավորները մեկուսացվել են և հնարավորություն չունեն այժմ քննելու խափանման միջոցի հարցը։
Փաստաբան Ալեքսանյանը, որն իրականացնում է Առուշ Առուշանյանի, Արմեն Չարչյանի պաշտպանությունը, նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ գործերը մշտապես քաղաքական իշխանության ուշադրության տակ են գտնվում։ Ալեքսանյանը հիշեցրեց, որ Առուշ Առուշանյանի գործով բազմիցս հայտարարել են, որ գործը շինծու է, հիմնված է մեկ անձի ցուցմունքի հիման վրա, որն արժանահավատ չէ և այդ ցուցմունքի հիման վրա ոչ միայն հետապնդում չի կարող հարուցվել, այլև՝ անձը չի կարող զրկվել ազատությունից։
«Խոսքը գնում է Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի ցուցմունքի մասին։ Մենք գոռում էինք, ասում՝ այս անձի ցուցմունքը շինծու է, որևէ կերպ արժանահավատ չէ ու այս ցուցմունքի հիման վրա ոչ միայն հետապնդում չի կարող հարուցվել, այլև անձը չի կարող զրկվել ազատությունից։ Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, բոլորը համոզվեցին դրանում, հատկապես, Առուշանյանի գործով վերջին դատական նիստին, երբ Ավետյանը ասաց, թե ինչ ասել է Առուշ Առուշանյանի դեմ, սուտ է», - նշեց փաստաբանը։
«Եթե այն ժամանակ պետությունը տեսնում էր խնդիր, որ Առուշանյանը, մնալով ազատության մեջ, կազդի Ավետյանի վրա, բայց ականատես եղանք, որ խոչընդոտ չկա, հիմա Առուշանյանն ինչո՞ւ է կանալքի տակ, ինչո՞ւ մեղադրանքի կողմը չի հրաժարվում մեղադրանքից ու համապատասխան միջնորդություն չի ներկայացնում դատարան, որ Առուշանյանն անհապաղ ազատ արձակվի։
Սա ապացուցում է այն, որ դատախազությունը մնում է հավատարիմ քաղաքական իշխանությանը ծառայելու առաքելությանը»,-նշեց Ալեքսանյանը՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ Առուշանյանի գործը քննող դատավորը բացառիկ պրոֆեսիոնալ է։