կարևոր
3532 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-06 15:27

Աշոտ Մինասյանի կալանավորումը ՀՀ արդարադատության «փայլուն բարեփոխումներից» մեկի հերթական դրսևորումն է. Վարդևանյան

Աշոտ Մինասյանի կալանավորումը ՀՀ արդարադատության «փայլուն բարեփոխումներից» մեկի հերթական դրսևորումն է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մենք խոսում ենք լեգենդար հրամանտար Աշոտ Մինասյանի մասին, որն իր կյանքում մշտապես խոչընդոտել է թուրքին, թուրքերը միշտ օպերացիաներ են մշակել նրան սպանելու համար։ 

Այդ մարդուն կալանավորում են մի մեղադրանքով, որը վերաբերվում էր Նիկոլ Փաշինյանին սպանության նախապատրաստությանը, որը պարզվեց փուչիկ էր և պայթեց Վճռաբեկ դատարանում։ Հիմա այդ մեղադրանքը դուրս է եկել և մնացել է անհասկանալի զենքի մեղադրանք. զենքը գտել են մի տարածքից, որն առնչություն չունի Աշոտ Մինասյանի հետ»,- ասաց Վարդևանյանը։

Պատգամավորը նշեց, որ Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 2020թ.-ի նոյեմբերին, և այդ նույն միջնորդությունը 2021թ.-ի նոյեմբերին բավարարում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, որը կարճ ժամանակ առաջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալն էր։

«Այսինքն այլ մարդ չէր կարողանա դա բավարարել։ Հնարավոր չէ մեկ տարվա կտրվածքով, ոչ մի նոր հանգամանք չունենալու պայմաններում մարդուն կալանավորել, երբ ինքն ազատության մեջ է եղել, պատշաճ վարքագիծ է դրսևորել»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ այս իշխանությունները մեկ հստակ մարտավարություն ունեն՝ Սյունիքում ով հեղինակություն ունի, բոլորին կալանավորում են։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության բողոքը և կայացրել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ անցյալ տարի դեկտեմբերին Վերաքննիչ քրեական Դատարանը հաստատել էր Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Նրա կալանավորման՝ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել էր:

Մանրամասն՝ տեսանյութում։