կարևոր
1198 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-06 14:50

Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ՔՊ-ականները նախընտրեցին փակ քննարկումը

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում էր Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին Հայաստան խմբակցության ներկայացված նախագիծը: Հիմնական զեկուցողն էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Դեռևս նոյեմբերի 25-ին խորհրդարանը շրջանառության մեջ էր դրվել սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացված հայտարարության նախագիծը, որով նախաձեռնության հեղինակները ՀՀ կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու Հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով:

Նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չպետք է տարանջատվի Արցախի ժողովրդի՝ իր պատմանական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից: Բացի այդ, կոչ է արվում միջազգային հանրությանը եւ բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ: 

Այսօրվա նիստին հանձնաժողովի Քպ-ական նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց, թե նախագծում մի շարք զգայուն հարցեր կան, որոնց հրապարակային քննարկումը կարող է խոչընդոտել  բանակցային հարցերին, ինչպես նաև հարուցել անվտանգային խնդիրներ, և առաջարկեց հարցի քննարկումը շարունակել փակ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հակադարձեց, որ որ փակ քննարկումը համարում են անտեղի և անհիմն: Նա նշեց, որ այս հարցի հետ կապված եղել են լսումներ, որի արդյունքում լրամշակվել է նախագիծը, որն առանց տեսնելու, այդպիսի հայտարարություններ են անում: Անդրադառնալով «զգայուն հարցեր» ձևակերպանը Ռուստամյանը ասաց, որ բոլոր օրակարգերն էլ զգայուն հարցերին են վերաբերում և, որ դեմ են նիստի փակ անցկացմանը: «Մենք լրացրել ենք հայտարարության նախագիծը եւ բոլոր իրավունքներն ունենք քննարկումներն անցկացնել բաց ռեժիմով: Առանց նույնիսկ տեքստը կարդալու նման հայտարարություններ անելը տեղին չէ։ Նման իրավիճակում էլ ավելի անտեղի է նիստն անցկացնել փակ դռների հետեւում»,- ընդգծեց ընդդիմադիրը։ Նա նաեւ հավելեց, որ հայտարարության նախագիծը պետական ​​գաղտնիք չի պարունակում։ Ուստի ընդդիմությունը կտրականապես դեմ է արտահայտվել փակ քննարկումներին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ ասաց, որ դատապարտելի է այն քաղաքականությունը, որ մեր երկրում բոլոր գործընթացները, հատկապես արտաքին հարաբերությունների հետ կապված, տեղի են ունենում գաղտնի: Մեր հանրությունը, մեծ հաշվով շատ բաներից անտեղյակ է մնում: Սա անթույլատրելի վարքագիծ է և դատապարտելի:

Այնուհանդերձ, հանձնաժողովի քպ-ական անդամ պատգամավորների քվեարկության արդյունքով որոշում կայացվեց նիստը շարունակել փակ: 

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որի ընթացքում Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների վերբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: