կարևոր
1273 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-06 14:26

Աշոտ Մինասյանն իր ազատությունը պատրաստ է ժամանակավորապես զիջել, բայց ոչ երբեք՝ զիջել հայրենիքը. պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատաիրավական համակարգն այսօր գտնվում է շատ ավելի վատ իրավիճակում, քան 3 տարի կամ 20 տարի, կամ էլ անգամ՝ 100 տարի առաջ էր։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշում է, որ այսօրվա քաղաքական իշխանությունը ցանկացած հարթության մեջ գենետիկորեն անհանդուրժողականություն ունի այլ կարծիք արտահայտող ուժի հանդեպ, կլինեն՝ փաստաբաններ, քաղաքական մարմիններ, ՏԻՄ մակարդակով որոշ գործիչներ։

Պողոսյանը հիշեցրել է 2020թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո իշխանությունների վիճակը, երբ օրեր շարունակ հնարավոր չէր գտնել Նիկոլ Փաշինյանին և պատասխանատու իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկին: Այդ ժամանակ Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործը շատ հարմար պատրվակ էր իշխանությունների համար՝ քաղաքական հարցերը լուծելու։

Մասնավորապես, մինչ կապիտուլյացիոն ակտի ստորագրումը ոչ ոք չէր խոսում Նիկոլ Փաշինյանի անվտանգությունից, մինչդեռ, Աշոտ Մինասյանի վերաբերյալ գործը և Արարատ Միրզոյանի ծեծի դրվագը իշխանություններն օգտագործեցին անվտանգությունն ուժեղացնելու համար։ Պողոսյանը հիշեցրեց նաև, որ Աշոտ Մինասյանին չկալանավորելուց հետո քաղաքական իշխանություններից ասում էին, որ պետք է նոր դատական իշխանություն, իբրև այդքան զենք է հայտնաբերվել, բայց դատարանները չեն կալանավորել։

«Այդ որոշումը քաղաքական իշխանությունն օգտագործեց՝ դատական իշխանության նկատմամբ այս ոտնձգությունները, հարձակումները և գրավման պրոցեսը սկսելու համար»,- նշել է Պողոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս իշխանությունը դատական համակարգն աղավաղելու ճանապարհով է գնում։ Ըստ փաստաբանի՝ այն դատավորները, որոնք պետք է արդարադատություն իրականացնեն, նրանց մեկուսացրել են, իսկ արդարադատություն հիմա իրականացնում են նրանք, որոնք պատրաստ են իշխանության քիմքին հաճո արդարադատություն իրականացնել։

Պողոսյանը տեղեկացրել է, որ երկու օր առաջ է հանդիպել Աշոտ Մինասյանին. տրամադրությունը բարձր էր։ «Ինքն իր ազատությունը պատրաստ է ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ ու ցույց ենք տալու այս քրեական գործի փուչիկ լինելը», - ասել է Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության բողոքը և կայացրել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ անցյալ տարի դեկտեմբերին Վերաքննիչ քրեական Դատարանը հաստատել էր Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Նրա կալանավորման՝ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել էր:

Մանրամասն՝ տեսանյութում: