կարևոր
2527 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-06 13:24

Իշխանությունը շարունակում է իր պարտությունների շղթան. Արթուր Խաչատրյան

Իշխանությունը շարունակում է իր պարտությունների շղթան. Արթուր Խաչատրյան

ՏԻՄ ընտրություններին ամենալավ գնահատականը արդյունքների առումով, թերեւս, տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրություններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

Ըստ նրա, Փաշինյանը փորձել է դա արդարացնել նրանով, որ զաբաղված են եղել արտաքին անվտանգային մարտահրավերներով, ավելի կարեւոր գործեր են ունեցել, դրա համար իրենց կանխատեսածից ավելի վատ արդյունքներ են արձանագրել, քանի որ կաշառք չեն բաժանել, խախտումներ տեղի չեն ունեցել:

«Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս ընտրությունների նախօրյակին պետությունն իր պատահաբար սոցիալական աջակցության քսակն էր բացել համայնքներին: Սա զուտ համընկնում չէ: Նաեւ խոշորացման փնջերն այնպես են կազմվել, որ իրենք կարողանան հնարավորինս շատ ձայներ հավաքել, որը նույնպես պատահականություն չէ: Հիշեցնեմ, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հալածանքներ են տեղի ունեցել: Նաեւ հիշեցնեմ, որ իրենք մոբիլիզացրել էին իրենց ողջ վարչական ռեսուրսը: Բայց այս ամենով հանդերձ իրենք պարտվել են»,-ասել է Խաչատրյանը:

Նա նշել է, որ 36 խոշորացված համայնքից ընդամենը 15-ում է ՔՊ-ն կարողացել հավաքել այնքան ձայն, որ կարողանա միանձնյա իշխանություն ձեւավորել, իսկ 21 համայնքում ոչ իշխանական ուժերը 8-ում միանձնյա, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնություն:

«Իրենք որոշ համայնքներում, որ ներկայացնում են, թե հաղթել են, իրականում հենց այդտեղ են պարտվել, որովհետեւ հույսը դրել են այն մարդկանց վրա, որոնք տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն  սպասարկել են օրվա քաղաքական իշխանության շահերը: Իրականում իրենք են գործիք դարձել այդ պատեհապաշտ մարդկանց ձեռքում, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել խորտակվող նավը:

Կարող ենք արձանագրել, որ 2018-ից հետո իշխանությունը 2021-ին կորցրեց 200 հազարից ավելի ձայն, շարունակում է իր պարտությունների շղթան: Իշխանությունը պարտվել է Կապանում, Գյումրիում, Մեղրիում, Գորիսում, Ախուրյանում եւ սա շարունակական գործընթաց է: Եթե այսպես շարունակվի, շատ շուտով կտեսնեն, որ որեւէ աջակցություն չունեն»,-ընդգծեց ՀՅԴ-ական պատգամավորը: