կարևոր
337 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 13:04

Դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել

Դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել

Դատավոր Մեսրոպ Մակյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել: Նա չի քննի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ քրեական գործը:

Դատավորը ներկայացրել է պատճառները, ըստ որի՝ քրեական գործում որպես Արշակ Զաքարյանի պաշտպան ներգրավված փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ընկերն է, նրանք ունեն մտերիմ հարաբերություններ։

Դատավորը նշել է, որ Տիգրան Աթանեսյանի հետ 1992-1997թթ սովորել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նույն կուրսում, ավելին՝ ինքը Աթանեսյանի կրտսեր որդու կնքահայրն է։ Բացի այդ՝ Տիգրան Աթանեսյանը դատավորի եղբորորդու՝ Վահե Մակյանի հարսանիքի քավորն է, ով, նույնպես լինելով փաստաբան, Տիգրան Աթանեսյանի հետ աշխատում է նույն գրասենյակում։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված ակցիան իրավապահները ի սկզբանե դիտարկել էին որպես կառավարության շենքը զավթելուն ուղղված գործողություններ, որի շրջանակներում 21 անձ բերման էր ենթարկվել, որոնցից հինգին՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին ձերբակալել էին, ինչը ոչ իրավաչափ էր համարվել դատարանների կողմից։

Այդուհանդերձ, նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք նույնպես մերժվել էին՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Շուրջ 10 ամիս քննվող քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ որևէ մեղադրյալի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, ավելին, նախաքննության ընթացքում մեղադրյալներին բազմիցս թույլատրել են մեկնել արտերկիր և վերադառնալ, անգամ մտայնություն կար, որ նախաքննական մարմինը կկարճի գործի վարույթը, մինչդեռ նախաքննության ավարտական փուլում քննիչը որոշել է ծանրացնել մեղադրանքը: Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածով՝ իշխանության յուրացման փորձի հատկանիշներով, ինչի համար որպես պատիժ է նշանակվում ազատազրկումը՝ 10-15 տարի ժամկետով։