կարևոր
1435 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-05 18:38

Արտաշատում խախտումները հիմնականում ուղղորդված քվեարկություններն են, վարչական ռեսուրսների և լծակների բիրտ կիրառումը. ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ

Արտաշատում խախտումները հիմնականում ուղղորդված քվեարկություններն են, վարչական ռեսուրսների և լծակների բիրտ կիրառումը. ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ

Արտաշատ խոշորացված համայնքում նկատել են որոշակի կուտակումներ. մարդկանց  ուղորդում են քվեարկության և այլն։

Ըստ ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի` քաղաքացիներ կան, որ շարունակում են գտնվել իշխանությունների մանիպուլյացիոն ազդեցության տակ, քաղաքացիներ էլ կան, որոնք լիարժեք գիտակցում են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև իրավիճակի լրջությունը, որից ելնելով էլ՝  կատարում են իրենց ընտրությունը։

Խոսելով իշխանությունների վերարտադրվելու ցանկության մասին՝ Գերասիմ Վարդանյանն  ասաց. «Մենք նախկին իշխանությունների ժամանակ էլ ենք տեսել ճնշումներ, վարչական ռեսուրսների և լծակների բիրտ կիրառում և այլն, բայց այսօր դրանք աննախադեպ են, առավել քան ծայրահեղ դրսևորումներ ունեն, քան նախկին իշխանությունների ժամանակ էր»։

ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչն ասաց, որ խախտումները հիմնականում եղել են ուղղորդված քվեարկությունների, կուտակումների, մարդկանց վրա ճնշումներ գործադրելով քվեարկության բերելու և իշխանությունների օգտին ձայներ կորզելու  տեսքով։ «Գումար բաժանելու փաստեր մենք չենք արձանագրել, բայց տարբեր խոսակցությունների մակարդակով կան»,- ասաց նա։

Ըստ Գ. Վարդանյանի՝ ժողովուրդը վաղ, թե ուշ պետք է գիտակցի, հասկանա ու, ի դեմս իշխող «Քաղաքացիական պայմանագրի», չընտրի այդ արյունոտ ձեռքերով իշխանությանը։

«Այս «բոլշևիկներն»՝ ընտրությամբ, թե առանց ընտրության, միևնույն է՝ Ն. Փաշինյանի գլխավորությամբ պետք է հանձնեն իշխանությունը»,- եզրափակեց Գերասիմ Վարդանյանը։

Նշենք, որ Արտաշատ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 6  կուսակցություն՝ ՀՅ Դաշնակցությունը, «Հայրենիքը», «Օրենք և արդարությունը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Քրիստոնեա Հայաստանը» և «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը:  ՏԻՄ ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցում է 19 համայնքում: ՀՅԴ-ն ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունն է: