ՏԻՄ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 33.80 տոկոսը՝ 376.003 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի կայքից։
Աննախադեպ արդյունք է գրանցվել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի ընտարտեղամասերում՝ 0 մասնակցություն: Բոյկոտի պատճառը համայնքների խոշորացումն է, բնակիչները դեմ են խոշորացմանը, որի մասին հայտարարել են դեռեւս այդ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։ Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։ Սևան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, ՀՅԴ-ն ու «Սարգիս Մուրադյան» դաշինքը։
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թումանյան համայնքում 62.95 տոկոս, այնուհետև՝ Վայքում 57.47 տոկոս, Ապարանում՝ 55.06 տոկոս։
Վանաձորում 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 29.01 տոկոսը։
Ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Արարատում 7.36 տոկոս, Էջմիածնում` 10.94 տոկոս։
Այսօր Հայաստանի 36 խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են: Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: