կարևոր
508 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-05 16:32

Սպիտակ խոշորացված համայնքում տեղի է ունեցել երկու ընտրախախտում. ՀՅԴ թեկնածու

Սպիտակ խոշորացված համայնքում տեղի է ունեցել երկու ընտրախախտում. ՀՅԴ թեկնածու

Հանրապետության 36 համայնքում այսօր կայացող ՏԻՄ ընտրություններն ուղեկցվում են մի շարք ընտրախախտումներով: Այսպես՝ Սպիտակ խոշորացված համայնքում տեղի է ունեցել երկու ընտրախախտում:

«Առաջին դեպքում ընտրողն ընտրատեղամասերից մեկում նկարահանել է քվեաթերթիկը։ Երկրորդ դեպքում նույն անձն ուզել է մի քանի անգամ (3-4 հոգու) օգնել, ինչը նշանակում է, որ նա ակնհայտ կերպով ցանկանում էր ուղղորդել ընտրողներին: Պարզ է, որ նշված անձն ընտրատեղամասում աշխատում էր իշխանությունների օգտին ձայներ կորզել»,- Yerkir.am-հետ զրույցում ասաց Սպիտակ համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Սասուն Ասատրյանը։

Անդրադառնալով իրավիճակին  և քաղաքացիների տրամադրվածությանը` Սասուն Ասատրյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, քաղաքացիների մասնակցությունը բավականին ցածր է: 

«Դե մարդկանց մեջ հիասթափություն կա ներկա իշխանությունների հանդեպ։ Տեսնենք, դեռ չենք ուզում շտապել, թող արդյունքները լինեն՝ կամփոփենք»,- ասաց թեկնածուն։

Իշխանությունների վերարտադրման ահեղ ցանկությանն անդրադառնալով` Սպիտակի դաշնակցական թեկնածուն նշեց. «Տպավորություն է՝ մարդիկ, կարծես, ՔՊ-ից խուսափեն, չեն ուզում ՔՊ-ի և դրանց թեկնածուների անունը տված լինել»։

Նշենք, որ Սպիտակ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 կուսակցություն՝ ՀՅ Դաշնակցությունը, «Հայրենիքը», «Իմ հզոր համայնքը» և «Քաղաքացիական պայմանագիրը»:  

Դաշնակցությունը ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունն է: Հիշեցնենք, ՀՅԴ թեկնածուները և դաշինքները հայտարարություն են տարածել, որով բացառել են ՔՊ կուսակցության ավագանու հետ որևէ համագործակցություն: