կարևոր
1819 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-05 13:38

Ապարան համայնքի նախկին ՀՀԿ թեկնածուն այսօր ՔՊ-ական է

Ապարան համայնքում ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը: Նա 2016 թ-ին առաջադրվել էր ՀՀԿ-ի ցուցակով, և լրագրողների հետ զրույցում հավաստիացրել էր, որ քաղաքական կուրս է վերցրել դեպի ՀՀԿ-ն, որովհետև ՀՀԿ ծրագրային ուղղվածությունն իրեն հոգեհարազատ է և հեռանկարային է այդ ճանապարհը։

Այսօր՝ ՏԻՄ ընտրություններին Ապարանում քվեարկության ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ նա նախկի՞ն է, թե՞ ներկա։

«Դուք ասել եք՝ եթե ընտրեք մյուս թեկնածուին, ապա ընտրում եք նախկիններին, ձեզնից նախկին չկա»,-հետաքրքրվեցին լրագրողները։

Էդգար Փարվանյանը պատասխանեց՝ եթե ինքն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժի կողմից, ուրեմն տրամաբանական է, որ ինքն իշխանական թեկնածուն է։

Լրագրողներից մեկը Փարվանյանից հարցրեց, թե իր շանսերն ինչպես է գնահատում այն պարագայում, երբ 2016-ին նույնիսկ անգամ ՀՀԿ ցուցակը գլխավորելիս չի կարողացել առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ, սակայն Փարվանյանը վրդովված սկսեց բողոքել լրատվամիջոցներից։ «Մանիպուլյացիոն հարցեր եք տալիս, ուղղորդված հարցրեր, գնացեք ուրիշներին նման հարցեր տվեք»։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին Փարվանյանը ևս քաղաքապետի թեկնածու է եղել ՀՀԿ-ից, սակայն պարտվել է այն ժամանակվա քաղաքապետ Գոռ Աբրահամյանին։ Փարվանյանը «Ապարան գրուպ»-ի սեփականատերն է։ Նրան աջակցում է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։

Ռազմիկ Պետրոսյանն էլ իր հերթին եղել է նախկին բոլոր իշխանությունների օրոք՝ ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, դրանից առաջ ՀՀՇ-ի գործիչ էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հենարանը, եղել է նաև ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետը։ Ու հայտնի չէ նաև, թե Ռազմիկ Պետրոսյանն էլ նախկի՞ն է, թե՞ ներկա։

Մանրամասն՝ տեսանյութում․