Հայաստանի տարբեր մարզերի 36 խոշորացված համայնքում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Առավոտյան ժամը 08:00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը:
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են թվով 132 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ,որոնցից գրանցվել է 130-ը, մեկ կուսակցության գրանցումը մերժվել էր, 1 կուսակցության գրանցումը ճանաչվել էր անվավեր։
Կուսակցությունների,կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում գրանցվել է 4190 թեկնածու։ Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է ընդհանուր թվով 984 տեղամաս:
ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 2013 տեխնիկական սարքավորում:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 9 տեղական հասարակական կազմակերպություն և մեկ միջազգային կազմակերպություն, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել է 25 զանգվածային լրատվության միջոց:
Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 10 քաղաքական ուժ։ Խորհրդարան անցած ուժերից մասնակցելու են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» և «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցությունը: ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետ, նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը: «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանը: Վանաձորի արդեն նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գալիք ընտրություններին մասնակցում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքով, որի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է: Դաշինքի մաս է նաև նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Նոյեմբերյան համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 3 կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանը, «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համարը Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանն է, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը։
Արթիկում իշխանություն ձեւավորելու համար պայքարող «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը գլխավորում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը: «Հայ յեղափոխական դաշնակցությունը» մասնակցում է ընտրություններին, ցուցակն Արթիկում գլխավորում է Հակոբ Մաթիլյանը: «Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցության ցուցակը գլխավորում է «Վոլյում գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Աստոյանը: Արթիկի ՏԻՄ ընտրություններում հայտ ներկայացրած «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորում է Արթիկի քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը:
Մասիս խոշորացված համայնքում պայքարում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը Սայեն Հայրապետյանն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակի առաջին համարը Մասիսի գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է:
Աշտարակ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է քաղաքական երեք ուժ՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: