կարևոր
1489 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-04 23:44

Մի խումբ գործարարներ առաջարկում են երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020թ. հոկտեմբերի 20-ին, երբ դեռ 44-օրյա պատերազմը չէր ավարտվել,Հայաստանի կառավարությունը 6 ամսով արգելք սահմանեց թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա, որը հետագայում երկարաձգվեց եւս 6 ամսով: Սակայն ամիսներ անց էլ տարբեր առեւտրի կենտրոններում դեռ վաճառվում էին թուրքական ապրանքներ, կամ հագուստների վրա պիտակներ չէին լինում:

Արգելքի ժամկետը լրանալու է դեկտեմբերի 31-ին: Սակայն թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը առնվազն 5 տարի երկարաձգելու վերաբերյալ «Մանթաշով գործարարների միություն» հասարակական կազմակերպության, «Ռեստորանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործարարները բաց նամակ են ուղարկել Հայաստանի կառավարությանը:

Գործարարների պնդմամբ հայկական շուկայից թուրքական ծագման ապրանք ներկրող ընկերությունների դուրս գալուց հետո բազմաթիվ ոլորտների հայկական արտադրողներ մեծացրել են իրենց արտադրությունները եւ ստեղծել նոր աշխատատեղեր: Եւ ներկրումը թույլատրելու դեպքում, թուրքական ապրանքներ ներկրողները նորից քայլեր կձեռնարկեն շուկան գրավելու ուղղությամբ, ինչը ծանր դրության մեջ կդնի հայկական ընկերություններին: Աժ Հայաստան խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի պնդմամբ այդպես էլ թուրքական ապրանք ներկրողներին չաջակցեցին՝ այլընտրանքային շուկաներ գտնելու համար: 

Չնայած Թուրքիան տարիներ շարունակ սահմանը փակ է պահում Հայաստանի հետ, այնուամենայնիվ, արտաքին առեւտրի ցուցանիշները փաստում են՝ ներմուծման ծավալները ահռելի են, արտահանմանը՝ չնչին: Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ, արդյունաբերական արտադրանք, ցիտրուսային պտուղներ, սարքավորումներ, ոչ թանկարժեք մետաղներ:

Նամակում նշված է, որ ըստ էության, թուրքական ծագման ապրանքների մուտքը չի արգելվել եւ թույլատրվում է ներկրել թուրքական ծագման հումք եւ սարքավորումներ:Տնտեսական կողմից բաց նամակում անդրադարձ է կատարվել նաեւ հարցի բարոյական եւ էմոցիոնալ կողմերին՝ հիշեցնելով 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին տրամադրած նյութական աջակցությանը: