կարևոր
580 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-04 23:11

Արցախում սպասումները Հայ դատի հանձնախմբերից ու գրասենյակներից ավելի շատ են, քան եղել են նախկինում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում հնչում են հայկական երկու հանրապետությունների օրհներգերը:

44-օրյա պատերազմի հետեւանքները հաղթահարել փորձող Ստեփանակերտը հյուրընկալել է Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբից եւ գրասենյակից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից ժամանած մոտ 50 ներկայացուցչի:

Ու առիթը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների խորհրդաժողովն է, որը նախ մեկնարկել էր Երեւանում, շարունակվել Գորիսում ու հիմա էլ իր աշխատանքներն է ամփոփում Ստեփանակերտում:

«Այսօր մենք Արցախում խնդիր ունենք խոսելու հայի ապրելու իրավունքի մասին, ուստի նմանատիպ հանդիպումները, ժողովները Ստեփանակերտում անցկացնելն Արցախում բնակվողի համար մի հույսի շող է, որ ամեն ինչ վերջացած չէ:
Վերջերս Նոբելյան 4 մրցանակակիր հստակորեն Ադրբեջանը որպես ագրեսոր որակեցին: Համաշխարհային ընկալման մեջ Ադրբեջանն ինքն իրեն ներկայացնում է որպես իր հողերի վրա պատերազմ տարած պետություն ու երբեք չի ընդունել Արցախի ինքնուրույն նկարագիրը... Մենք Հայ դատի հանձնախմբերի կողքին գործող ունենք հայերի իրավունքներով զբաղվող միություն, որը մասնագիտացած է Արցախի հարցի իրավական մասով: Այսօր դատեր ենք բացել գերիների հարցով եւ այդ ուղղությամբ աշխատում ենք ՀՀ-ի փաստաբանական ընկերություններից մեկի հետ: Նաեւ պատերազմական ոճիրների, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ենք արծարծում»:

Արցախի հիմնախնդիրն օտարների համար բացելու, նրանց այդտեղի իրականությունը ներկայացնելու մեծ փորձ ունի Հայ դատը: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդաժողովին փորձել է հասկանալ՝ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար էլ ինչ կարելի է անել:

44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի թեմի 161 վանք ու եկեղեցի, 591 խաչքար, 345 տապանաքար եւ մակագրված քար ու հարյուրավոր այլ հուշակոթողներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Արցախի թեմի առաջնորդը հորդորել է խորհրդաժողովի մասնակիցներին միջազգային հարթակներում ավելի շատ խոսել, իր բնորոշմամբ՝ «Արցախի հոգեւոր դատի» մասին:

Խորհրդաժողովին Աշոտ Ղուլյանը նաեւ ասել է՝ սպասումները Հայ դատի հանձնախմբերից ու գրասենյակներից ավելի շատ են, քան եղել են նախկինում:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։