Պահեստազորի գնդապետ Բորիս Ավագյանը հայտնում է, որ մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը:
«Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը պահվել է գաղտնի:
Հիշեցնեմ, որ գեներալ Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև 2021 թվականի սեպտեմբերի սկիզբը, հետո նա վերադարձել է ՌԴ՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց ակտիվ մասնակցում է Արցախի և գերիների հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին ՌԴ պաշպանության նախարարի հրամանով»,- գրել է Ավագյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ տարածում են Ադրբեջանի ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրություն, ըստ որի՝ այսօր Հայաստանին է փոխանցվել հայկական ծագում ունեցող 10 զինծառայող:
«Միեւնույն ժամանակ, անցկացված բանակցությունների արդյունքում հայկական կողմը հանձնել է Ադրբեջանական Հանրապետության օկուպացիայից ազատված այլ տարածքների ականապատ դաշտերի քարտեզները», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Այնուհետև ՊՆ-ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով հայկակական կողմն ունի 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։