կարևոր
1120 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-04 16:49

Ճարտարի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ԱՀ Դատախազություն

Ճարտարի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ԱՀ Դատախազություն

Արցախի Հանրապետության Դատախազությունը հայտարարություն է տարածել. 

«Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան:

03.12.2021թ. ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Քրեական գործը դատախազության կողմից փոխանցvել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն: Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը: Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ:

Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում: Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող «Ղուրուսու» կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները: Տեսանյութը և մյուս ապացույցները առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար:

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։