կարևոր
1336 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-04 16:00

Գերմանիայում վախճանվել է Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը

Գերմանիայում վախճանվել է Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում իր մահկանացուն է կնքել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման համար շուրջ 2 տասնամյակ ակտիվ պայքար մղած թուրք մտավորական Ալի Էրթեմը, որը նաև հենց այդ նպատակով ստեղծված Միություն ընդդեմ Ցեղասպանության (Soykırım Karşıtları Derneği) կազմակերպության հիմնադիրն ու նախագահն էր։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։

Ալի Էրթեմը հիշյալ կազմակերպությունը հիմնել էր դեռևս 1998 թվականին և հենց այդ տարի էլ առաջին անգամ այցելել Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը հիմնադրման ամսաթվից սկսած ամեն տարի ապրիլի 24-ին որևէ ներկայացուցիչ էր ուղարկում Երևան՝ միության անդամների անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին ծաղկեպսակ խոնարհելու համար։ Միության անդամները միաժամանակ խորհրդանշական գումար էին հավաքում և նվիրաբերում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ Մեծ եղեռնից վերապրած հայերին փոխանցելու կամ այլ ծախսեր հոգալու նպատակով։

Կազմակերպությունը նաև ակտիվ գործունեություն էր ծավալում Ֆրանկֆուրտում, Գերմանիայի այլ քաղաքներում, ինչու չէ, նաև այլ երկրներում։ Այսպես, միությունը երբեմն հանդես էր գալիս տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ դասախոսություն-սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և այլ հետաքրքիր ձեռնարկներ, որոնք բոլորն էլ նվիրված էին լինում Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հետևանքների վերացմանը:  

Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ ակցիաներ էր իրականացնում Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի կամ Գերմանիայում Թուրքիայի այլ ներկայացուցչությունների մոտ՝ հիշեցնելով այդ երկրին իր գործած մեծ ոճիրների մասին։ Նման մեծ ակցիա կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, 2015 թ․ ապրիլին Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Մասնավորապես, կազմակերպության անդամները, ապրիլի 24-ին նահատակված հայ մտավորականների լուսանկարները բռնած, բողոքի ակցիա իրականացրին հյուպատոսարանի դիմաց:

Ալի Էրթեմը վերջին անգամ Հայաստան էր այցելել 2019 թ․ գարնանը։ Կարծես թե իր մոտալուտ վախճանի մասին կանխազգացում ունենալով՝ նա և միության մյուս անդամներն այդ անգամ իրենց հետ Երևան էին բերել նաև իրենց զավակներին՝ ցանկանալով ցեղասպանությունների և մարդկայնության դեմ գործված մյուս հանցագործությունների դեմ պայքարի ջահը փոխանցել գալիք սերունդներին։

Ալի Էրթեմը այն խիստ սակավաթիվ թուրք մտավորականներից էր, որը արձագանքել էր արցախյան վերջին պատերազմին՝ մասնավորապես նշելով․

«Անմիջապես կանգնեցրեք այն հարձակողական պատերազմը, որ վարում են Ցեղասպանության հանցագործ թուրքական պետությունը, և վերջինիս հանցակից՝ ֆաշիստական Ադրբեջանի օլիգարխիան, և որը թիրախավորել է հայ ժողովրդին և Արցախի Հանրապետությունը։ Հայոց Ցեղասպանությունը ճանաչած աշխարհի և Եվրոպայի քաղաքակիրթ երկրնե՛ր, կատարեք մեզ և աշխարհի ժողովրդին ձեր տված խոստումները և իրականացրեք այն որոշումները, որ հռչակել եք։ Անմիջապես դադարեցրեք հայ ժողովրդին թիրախավորած այս բարբարոսների երկրորդ Ցեղասպանական գործողությունները»:

Անկարայում ծնված, սակայն 30 տարուց ավել Գերմանիայում բնակություն հաստատած Ալի Էրթեմը, որը մասնագիտությամբ ինժեներ էր, նաև այն խիստ սակավաթիվ թուրք գործիչներից էր, որը խոսում էր ոչ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այլ նաև նյութական փոխհատուցման անհրաժեշտության մասին:

Մարդկայնության դեմ գործված ոճիրների դեմ ամբողջ կյանքում ակտիվ պայքար մղած այս անխոնջ գործիչը շատ անժամանակ հեռացավ կյանքից: