կարևոր
901 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-04 12:46

Հզոր Հայրենիքն է ամենալավ պաշտպանը Հայոց դատի. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ելույթը

Հզոր Հայրենիքն է ամենալավ պաշտպանը Հայոց դատի. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ելույթը

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ելույթը՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ.

«Մեծարգո պարո՛ն Հակոբ Տեր-Խաչատուրյան,  Ազգային ժողովի նախագա՛հ Արթուր Թովմասյան, ՀՅԴ բյուրոյի և Հայ Դատ» հանձնախմբի պատվավո՛ր անդամներ, սիրելի՛ ներկաներ,

Իսկապես ողջունելի է ամեն մի ջանք, որը գործադրվում է ծանր ժամանակներ ապրող հայ ժողովրդի` մասնավորաբար արցախահայության առաջ ծառացած մարտահրավերների վերհանման և միասնաբար լուծման ուղիներ գտնելու ուղղությամբ, ուստի հայրական մեր օրհնությունն ենք բերում Հայ Յեղափոխական Դաշնակցության «Հայ դատի» հանձնախմբի նախաձեռնած այս համաժողովի մասնակիցներին և մաղթում արդյունաշատ ընթացք համաժողովի աշխատանքներին։

Հետադարձ հայացք ձգելով անցյալին՝ կարևոր ենք համարում արձանագրել այն փաստը, որ Հայ յեղափոխական դաշնակցությունը կազմավորվել է պատմական այնպիսի մի ժամանակաշրջանում (1890թ), որը բազմաթիվ ասպեկտներով նման է մերօրյա իրավիճակին, և կարծես թե նորից կարիք կա լծվելու գործին այն նույն վճռականությամբ, ինչ վճռականությամբ և տեսիլքով Զորյան-Զավարյան-Միքայելյան եռյակը սկիզբ դրեց  մեզանում առավել հայտնի «դաշնակցության» այս վաստակյալ կառույցին։

Սխալված չենք լինի, եթե ՀՅԴ բազմաբովանդակ և ազգանվեր ծառայությունների ծիրից ներս առաջին հանրապետության հռչակումից հետո հաջորդ կարևորագույն ձեռքբերումը համարենք «Հայ դատի» հանձնախմբի ձևավորումն ու գործունեությունը։ 1944 թվականից սկսյալ այս կառույցը դարձավ սփյուռքում գործող այն առաջամարտիկը, որ հայոց արդար դատը՝ հայ ժողովրդի պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը առ այսօր բարձրաձայնում է միջազգային տարբեր հարթակներում։ «Հայ դատի» կառույցը  9 տասնյակի հասնող և աշխարհի շուրջ երեսուն երկրում գործող տարածաշրջանային, շրջանային, նահանգային և քաղաքային գործող հանձնախմբերի միջոցով մի տեսակ կարծես թե փաստաբանն է դարձել հայ ժողովրդի։

  • Արցախյան հիմ­նախնդիր
  • Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման գործընթաց
  • Միջազգային միջպետական հարաբերություններում և խորհրդարանական դիվանագիտության հարթակներում Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն
  • Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում

Սրանք են այն կարևորագույն խնդիրները, որ իր առջև վաղուց դրել է Հայ Դատի հանձնախումբը և ամենևին էլ պատահական չէ այսօրվա մեր մեկտեղումը Արցախում, որովհետև ՀՅԴ Հայ դատի քաղաքական-մարտավարական առաջնահերթությունները սկսվում են և ավարտվում Արցախով։

Այսօր ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ վերոնշյալ բոլոր կետերում եղել են զգալի ձեռքբերումներ։ Հայ դատի աշխարհասփյուռ կառույցների անխոնջ աշխատանքի շնորհիվ արցախյան հիմնախնդիրը ավելի մեծ հնչեղություն է ստացել, Արցախը ստեղծել է բազմաթիվ ապակենտրոնացված բարեկամական կապեր աշխարհի ավելի քան 25 քաղաքների հետ, ստեղծվել է «Պրո Արցախ» Արցախի միջազգային բարեկամներին միավորող հարթակ. մեծածավալ աշխատանքներ են տարվել ԱՄՆ-ում, Եվրոպայում Արցախի շահերը պաշտպանելու, հումանիտար օգնություն տրամադրելու հարցերում։

Անգնահատելի է Հայ դատի հանձանխմբի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, որի արդյունքում ավելի քան 30 պետություններ պաշտոնապես ճանաչել են հայ ժողովրդի դեմ գործված ոճիրը՝ որպես ցեղասպանություն։

Սիրելի՛ ներկաներ, քանի որ Հայ դատի հանձնախումբը ունի աշխարհասփյուռ և միջազգային հանգամանք, որպես Արցախի թեմի առաջնորդ՝ մեր խնդրանքն ենք ուղղում ձեզ` միջազգային հարթակներում ավելի ակտիվորեն բարձրաձայնելու նաև «Արցախի հոգևոր դատը»։

Այս առումով պետք է ընդգծել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավանդաբար իրականացվող հայկական ծագման քրիստոնեական արժեքների մի կողմից մասշտաբային յուրացումը՝ դրանք հատկապես «ուդիական» հայտարարելու և «սեփականաշնորհելու» միջոցով, մյուս կողմից ակնհայտորեն իրականացվող պատմական հուշարձանների ոչնչացումը, որն  ունի հստակ իրավական ձևակերպում — մշակութային եղեռն:

Այն ոճրագործությունները, որոնք ներկա ժամանակներում էլ շարունակաբար կատարվում են Արցախի հինավուրց հայկական հոգևոր-մշակութային կենտրոն Շուշիում՝ Ադրբեջանի իշխանությունների անմիջական նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ, հստակ նպատակ ունեն վերացնել հայկական հետքը, սպանել հայոց բերդաքաղաքի ֆենոմենը:

 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի թեմի 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, 345 տապանաքարեր և մակագրված քարեր, 108 գերեզմանատներ և սրբավայրեր, 43 բերդեր,ամրոցներ և պալատներ, 208 այլ հուշակոթողներ անցել են Ադրբեջանի հսկողության տակ և ասել, որ դրանց վտանգ է սպառնում, նշանակում է ոչինչ չասել։ Ակնհայտ ապացույցներ են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը, Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու պայթեցումը, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը, Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու գրությունների անձամբ Ալիևի ձեռքով ջնջելը, Դադիվանքը և Գանձասարը որպես ալբանական ներկայացնելու հանգամանքը և այլ շատ չբացահայտված դեպքեր։

Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել համապատասխան համակարգված քաղաքականություն՝ այդ ամենը ներկայացնելու համապատասխան կառույցներին՝ գործնական քայլերի ակնկալիքով, և  այս հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ Հայ դատի հանձնախումբը

Այսօր նորից վտանգված է հայի ինքնությունը, հավատքն ու մշակույթը, իսկ թշնամին նույնն է, ինչ որ այն ժամանակ։ Ցավոք, այսօր տեսանելի իրողություն է դարձել նժդեհյան թևավոր այն միտքը, թե «հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, որ հայը իր պատմությունից ոչ մի բան չի սովորում»։ Մեր դարավոր թշնամին անընդհատ փորձում է տարբեր եղանակներով ընկճել ազատ ապրելու մեր կամքը, դարձնել մեզ անկենսունակ և դիմադրությունից զուրկ մի միավոր, որին հեշտ կլինի օգտագործել սեփական շահերի համար։ Հեշտ չէ Հայոց Ազգին ծնկի բերել, ուստի նա ընտրել է պայքարի դանդաղ տարբերակը։ «Բաժանիր, որ տիրես» — հին աշխարհի այս դոկտրինը սկսվեց կիրառվել նաև մեզ վրա։ Նայենք մեր շուրջը և կտեսնենք բաժանումներ ու պառակտումներ ամեն ասպարեզում` հավատքից մինչև ընտանիք։

Օտարամուտ և գեղեցիկ փաթեթավորմամբ փրկության լայն ճանապարհներ, ժողովրդավարական և մարդասիրական քողով ծածկված այլասերություն, համակարգված արշավ պետության հիմնասյուների` ընտանիքի, դպրոցի և եկեղեցու դեմ։ Մեր համոզումն է, որ Հայ դատի վերջնական հաղթանակի գործում կարևոր է ամուր հայրենիքի և պետության առկայությունը, ուստի բացի միջազգային հարթակներում մեր ձայնը հնչեցնելուց՝ նաև պետք է աշխատենք ազգի և հայոց պետականության հզորացման ուղղությամբ՝ ընտանիքներից ներս տարածելով սեր և հավատարմություն, դպրոցից ներս կրթելով բարեկիրթ և հայրենասեր զավակներ, եկեղեցում միավորվելով Աստծո հովանու տակ։  Հզոր Հայրենիքն է ամենալավ պաշտպանը Հայոց դատի։

Բայց միամտություն կլինի մտածել, որ միայն թուրքն է մեր ազգի թշնամին, և որ մենք պետք է կենտրոնանանք միայն նրանց դեմ պայքարի վրա։ Մեր ամենամեծ թշնամին չարն է՝ իր տարբեր դեմքերով, որովհետև մենք ընտրել ենք Քրիստոսի լույսի ճանապարհը դեռ Քրիստոսից հազարամյակներ առաջ` Հայկ Նահապետի միջոցով, և բնական են այս հարձակումները մեր ազգի վրա։

Բայց որքան որ պարզ է այս իրողությունը, նույնքան էլ պարզ է, որ եթե մարդը, կամ ազգը չի ուզում ենթարկվել չարին, ապա նա ի զորու է հաղթելու, որովհետև Աստված է նրա օգնականը։ Ուստի՝ այսօր առավել քան երբևէ մենք կարիք ունենք մի կողմ թողնելու մեր բոլոր տարակարծությունները և աշխատելու ազգի խաթարված միասնականությունը վերականգնելու համար։ Այդ անսակարկ միասնականությունը միայն մեզ հնարավորություն կտա Արցախը փրկել վերջնական կորուստից և այդ հիմքի վրա առաջ տանել դարերով փայփայված արդար դատը՝ հայոց երազանքների։

Սիրելի՛ ներկաներ, վերջում խոսքս ուզում եմ ավարտել ակնառու ազգային-եկեղեցական գործիչ, Հայոց կաթողիկոս սուրբ Ներսես Շնորհալու խոսքերով, որը պետք է ուղենիշ լինի ազգային մեր բոլոր ձեռնարկներում։

«Ազատություն երկրորդական բաներումմիություն կարևոր բաներումՍեր ամեն ինչում» :