կարևոր
439 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-04 11:42

Արցախակենտրոնությունը ՀՅԴ Հայ Դատի գործունեության հիմնասյուներից մեկն է

Արցախակենտրոնությունը ՀՅԴ Հայ Դատի գործունեության հիմնասյուներից մեկն է

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային զարգացումներին, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին։

Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան, արցախյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը։

Նախարարը շեշտել է, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, ինչը կնշանակի Արցախի և հայոց պետականության կործանում։

Առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման համար արտգործնախարարը կարևորել է Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, համահայկական միասնականությունը, Հայաստանում և Սփյուռքում Արցախի՝ որպես ազգային գերագույն արժեքի ընկալումը։

Բաբայանը բարձր է գնահատել Հայ Դատի գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները, կառույցի ներդրումն Արցախի զարգացման և զորացման գործում։ Նախարարը երախտագիտություն է հայտնել հայրենանվեր աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ՀՅԴ Հայ Դատը նույն եռանդով և նվիրվածությամբ կշարունակի իր աշխատանքը, և արցախակենտրոնությունը կմնա նրա գործունեության հիմնասյուներից մեկը։

Խորհրդաժողովի ընթացքում ԱԳ նախարարը նաև պատասխանել է ներկաների՝ արտաքին քաղաքականության ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցերին։