կարևոր
622 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-03 23:31

Մերկելի «դարաշրջանի» ավարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսպես ազդարարվում է Անգելա Մերկելի կառավարման դարաշրջանի ավարտը: Գերմանիայի կանցլերին հրաժեշտ են տալիս ինչպես հարկն է: Պաշտպանության նախարարության բակում Գերմանիայի զինուժը՝ Բունդեսվերը, իրականացնում է քաղաքացիական անձի պատվին բարձրագույն ռազմական շքերթը: Սա Գերմանիայի քաղաքական մշակույթի մի մասն է:

16-րդ դարում ձեւավորված այս արարողությանը, սովորաբար, հնչում են երգեր՝ հեռացող քաղաքական գործչի ընտրությամբ՝ Գերմանիայի ռազմական նվագախբի կատարմամբ: Եվ Գերմանիայում այսօր ավելի շատ քննարկում են ոչ թե Մերկելի պատվին բուն շքերթը, այլ հենց կանցլերի ընտրած երգերը: Դրանցից մեկը գերմանացի փանք ռոքի երաժիշտ Նինա Հագենի «Դու մոռացել ես գունավոր ժապավենը» երգն էր: Դասական երաժշտության սիրահար Մերկելի այս ընտրությունը զարմացրել էր բոլորին՝ թե՛ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին, թե՛ քաղաքական մեկնաբաններին, թե՛ շարքային քաղաքացիներին, բայց կանցլերը բացատրել է՝ երգը հիշեցնում է իր երիտասարդության ամենագունեղ պահերի մասին:

16 տարի Գերմանիան ղեկավարած, Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը համարվող Մերկելը հրաժեշտի իր կարճ ելույթում գերմանացիներին հորդորում է լավատես լինել երկրի ապագայի հարցում:

Գերմանիայի կանցլերի պաշտոնում այս 16 տարին լի էին իրադարձություններով, հաճախ շատ դժվար ինձ համար՝ թե՛ որպես քաղաքական գործչի, թե՛ որպես ուղղակի մարդու համար: Միեւնույն ժամանակ սա շատ գոհացնող պաշտոն էր:

Նմանօրինակ արարողություններին սովորաբար մասնակցում է շուրջ 600 մարդ. սակայն համավարակի պատճառով Մերկելը կրճատել էր իր հյուրերի թիվը՝ հասցնելով 200-ի: Եւ պաշտպանիչ դիմակներով ու սոցիալական հեռավորություն պահող այդ հյուրերին կանցլերը հիշեցնում է իր կառավարման վերջին տարիների կորոնամարտահրավերի մասին եւ հաջողություն մաղթում Գերմանիայի հաջորդ կանցլերին՝ Օլաֆ Շոլցին, նոր մարտահրավերներին դիմակայելու գործում: Քննադատների պնդմամբ՝ Մերկելը հաջորդ կառավարությանը բազմաթիվ խնդիրներ ու ծանր որոշումներ կայացնելու ժառանգություն է թողել: Ինչեւէ. 67-ամյա Մերկելի լիազորությունները, որպես կանցլեր, պաշտոնապես կդադարեն դեկտեմբերի 8-ին: Հրաժեշտի այս արարողությունից Մերկելը հեռանում է ներկաների հոտընկայս ծափահարությունների ներքո՝ իր հետ տանելով մեկ կարմիր վարդ եւ մի փունջ գեղեցիկ հուշեր:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: