Կան թանկացումներ, բայց չկա «Էլեկտրիկ Երեվան 2»: Դեռ չմարսած ջրի թանկացման լուրը, քաղաքացիներին ազդարարեցին եւս մեկ գնի բարձրացման մասին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է՝ հոսանքը կարող է 2022 թվականի փետրվարի 1-ից թանկանալ: Օրեր առաջ հայտարարվել է, որ հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը կբարձրանա շուրջ 20 դրամով՝ դառնալով 200 դրամ, սակայն Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասել էր, մինչեւ 2024 թվականը թանկացում տեղի չի ունենալու:
Այս օրերին շատերը մտաբերեցին երթուղայինների վարձը 50 դամով բարձրացնելու եւ 2015-ին էլեկտրաէներգի հնարավոր թանկացման պատճառով Երեւանի փողոցները ողողած բողոքի ցույցերը։ Դեռեւս 2015 թվականին ակտիվիստները 4 ամիս շարունակ կաթվածահար վիճակում էին պահում մայրաքաղաքի կենտրոնական Բաղրամյան պողոտան: Իսկ ահա այս լուսանկարը «Էլեկտրիկ Երեւան» անունը ստացած շարժման այցեքարտն էր միջազգային եւ տեղական մամուլում: Լուսանկարի գլխավոր հերոս Կարո Ղուկասյանը 2018 թ-ի իշխանափոխությունից հետո աշխատանքի էր անցել Պետական վերահսկողական ծառայությունում, հետո աղմուկով հեռացել՝ բողոքելով, որ շարունակում են խնամի-ծանոթով գործի տեղավորել։ Հիմա արդեն թանկացումների թեմայի շրջանակում նա հրաժարվեց մեկնաբանություն տալ եւ խոսել՝ ասելով՝ չի պատրաստվում քաղաքական երանգներով թեմաներին անդրադառնալ:
Լուռ ընդվզում են քաղաքացիներն ընդունել հերթական թանկացումների պաշտոնական հաղորդագրությունները։ Այս օրերին փոստատների մոտ խռնված թոշակառուները տարակուսած են. չգիտեն, թե ինչ է սպասվում հետագայում, ինչպե՞ս են կարողանալու վճարել կոմունալները եւ ապրել: Թոշակառուները մի պատուհանից ստանում են թոշակը, մյուս պատուհանում կոմունալ մուծումներ են իրականացնում:
2015 թվականին էլեկտարէներգիայի թանացման դեմ սակագների կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց առաջին բողոքողներից մեկը Դաշնակցության երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն էր։ Այդ օրերին նրա ընկերներից շատերին բերման էին ենթարկում ոստիկանություն։ Հիմա արդեն Խորհրդարանի պատգամավոր է, Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, յուրովի է մեկնաբանում թանկացումների դեմ հանրային պայմանական «լռությունը»: Ըստ նրա՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները թույլ չեն տալիս անդրադառնալ սոցիալական հարցերին, իսկ մինչեւ 2018 թվականը հանրային օրակարգը այլ էր: Իսկ ջրի գնի բարձրացումն արդեն կատարված փաստ ընդունած, հոսանքի վարձի բարձրացմանը սպասող հանրությունը դեռ տեղեկություն չունի գազի սակագնի ապագայի մասին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի փոխանցմամբ այս փուլում ոչինչ ասել դեռ չի կարող, քանի որ այդ հարցի շուրջ բանակցությունները ընթանում են: Դեռ ընթանում են։
Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում: