կարևոր
1645 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-03 21:45

Մեզ համար ընկճվածության էջը փակված է, ժամանակն է հավելյալ թափով աշխատանքներին լծվելու. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մեզ համար ընկճվածության էջը փակված է, ժամանակն է հավելյալ թափով աշխատանքներին լծվելու. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Դեկտեմբերի 2-ին Արցախում շարունակված ՀՅԴ Հայ դատի և հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը խոսել է խորհրդաժողովի աշխատանքների հիմնական ուղղությունների մասին:

«Հետպատերազմյան այս շրջանում կա ընդհանուր ընկճվածություն: Այդ ընկճվածությունը և՛ հայրենի զանգվածների մոտ է, և՛ զգալի է հատկապես Սփյուռքի պարագայում: Մեզ համար ընդունելի չէ այս երևույթը, և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայ դատի կառույցները մեր բոլոր շարքերով ու համակիրներով աշխատելու ենք, որպեսզի դուրս գանք այդ հոգեբանական ընկճվածությունից: Մեզ համար այդ էջը փակված է:

Հիմա ժամանակն է հավելյալ թափով աշխատանքներին լծվելու և առաջ գնալու մեր չորս հիմնական նպատակի ուղղությամբ: Այդ չորս նպատակը Հայ դատի ոլորտում հետևյալ ձևով ենք սահմանում.

առաջինը մեր հայրենիքի իրազեկման խնդիրն է, լոբբինգի հարցը, Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման և միջազգային հեղինակության բարձրացման խնդիրը:

Երկրորդը՝ մեր շատ սիրելի Արցախի անկախության ճանաչման, և որտեղ դա հնարավոր չէ ինքնորոշման իրավունքի շեշտավորման խնդիրն է, նաև՝ Արցախի օժանդակության ծրարը:

Երրորդը՝ Հայ դատի դասական օրակարգն է՝ Ցեղասպանության ճանաչման, հետևանքների վերացման և պահանջատիրության իմաստով:

Չորրորդը՝ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիրն է, որտեղ էլ գտնվենք՝ հայապատկան հողերի վրա, թե տարբեր երկրներում:

Կարևոր է նաև մեր երիտասարդության քաղաքականացման խնդիրը, անհրաժեշտ է, որ տարբեր երկրների մեր երիտասարդները մասնակցեն քաղաքական կյանքին, ու նաև փորձենք տեղ-տեղ «բերդը գրավել ներսից»:

Մեր խորհրդաժողովի օրակարգի առյուծի բաժինն Արցախն էր: Պատերազմից հետո մենք մշակել ենք հատուկ ուղեգիծ, երկու առցանց խորհրդաժողով ենք ունեցել: Նախորդ 2020 թ. խորհրդաժողովն էլ Արցախում կայացավ: Այն ժամանակ դեռևս կանխատեսելի չէր այն պատերազմը, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց ահաբեկիչ շրջանակներով սանձազերծեցին Արցախի և Հայաստանի նկատմամբ, բայց այդ ժողովի ժամանակ մենք դրեցինք Արցախի համար տարվելիք աշխատանքների հիմքերը: Ուղեցույց ունեինք, բայց պատերազմից հետո այն թարմացնելու, ավելի նպատակահարմար դարձնելու, թիրախավորելու կարիք կա:

Այդ աշխատանքը սկսել ենք պատերազմից անմիջապես հետո, որովհետև ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո մենք մեր աշխատանքները չենք դադարեցրել, այլ պարզապես փոխել ենք թիրախներն ու շեշտադրումները: Իջել ենք հրապարակ՝ պաշտպանելու Արցախի շահերը՝ մեր շահերը: Մենք լավ գիտենք, թե մեր թշնամին ինչ հսկայական միջոցներ է օգտագործում, որի դեմ ունենք մեր բանակը: Հայ դատի ընկերներն ու ընկերուհիները ներկայացնում են հայ ժողովրդի երկրորդ բանակը: Եթե առաջինը մեր ժողովրդի ֆիզիկական պաշտպանությունն է ապահովում, Հայ դատի բանակը նրա թիկունքն է, որ քաղաքական, դիվանագիտական և արտաքին հարաբերությունների ոլորտում նույնքան մեծ պատերազմի մեջ է աշխարհով մեկ:

Մենք ունենք նաև Արցախի բարեկամների ցանց, որն օրն օրի ընդարձակվում է: Միջին Արևելքում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Եվրոպայում ունենք այնպիսի ոչ հայ բարեկամներ, որոնք պատրաստ են Արցախի դատի կողքին կանգնել, հայտարարություններ անել, բանաձևեր ներկայացնել խորհրդարանում, իշխանության հետ գործակցել, և մենք բավական մեծ հաջողությունների ենք հասել այս առումով:

Վերջերս Նոբելյան 4 մրցանակակիր հստակորեն Ադրբեջանը որպես ագրեսոր որակեց: Համաշխարհային ընկալման մեջ Ադրբեջանն ինքն իրեն ներկայացնում է որպես իր հողերի վրա պատերազմ տարած պետություն և երբեք չի ընդունել Արցախի ինքնուրույն նկարագիրը: Դա փոխելու համար մենք դիմեցինք Նոբելյան մրցանակակիրներին, որոնք հայտարարություն արեցին: Շուտով այդպիսի հայտարարություն կլինի նաև Կիպրոսում, նմանատիպ աշխատանքներ ենք տանում աշխարհով մեկ:

Հնարավոր եղավ կասեցնել մի քանի ռազմական աշխատանք՝ կապված մեր թշնամուն զինամթերք մատակարարելու հետ: Այդ ուղղությամբ լուրջ աշխատանք տարվեց: Կանադայում «Բարյաքթարի» մասեր տրամադրող ընկերությունը սնանկացավ, քանի որ, մեր աշխատանքի արդյունքում, Կանադայի կառավարությունը արգելեց այդ կտորների առաքումը Թուրքիա: Մեծ պայքար ենք մղում այդ ուղղությամբ ԱՄՆ-ում, Իսրայելում, նաև աշխարհով մեկ ներկայացնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հարձակողական քաղաքականաության իսկական դիմագիծը:

Մենք Հայ դատի հանձնախմբերի կողքին գործող ունենք հայերի իրավունքներով զբաղվող միություն, որը մասնագիտացած է Արցախի հարցի իրավական մասով: Այսօր դատեր ենք բացել գերիների հարցով և այդ ուղղությամբ աշխատում ենք ՀՀ-ի փաստաբանական ընկերություններից մեկի հետ: Նաև պատերազմական ոճիրների, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ենք արծարծում:

Արցախի առումով օրակարգի վերջին հարցը մեր այլազան հանձնախմբերի և գրասենյակների հարաբերություններն են ԱՀ իշխանության տարբեր օղակների, հիմնականում արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի օժանդակության ծրագրերը:

Խորհրդաժողովի ընթացքում քննարկումներ ունեցանք ՀՀ քաղաքականության, մեր տարվելիք աշխատանքի, Ջավախքի, Նախիջևանի, Միջին Արևելքի ճգնաժամի՝ մանավանդ լիբանանահայության և սիրիահայության խնդիրների և Թուրքիայի ու Արևմտյան Հայաստանի մեր դատի հետապնդման հարցերի մասին:

Կարևոր տեղ է հատկացվել Հայ դատի գրասենյակների աշխատանքը, քարոզչական, հաղորդակցական միջոցներն ավելի արդյունավետ դարձնելուն:

Քննարկված  հարցերի մի մասը միշտ կա մեր օրակարգում, մի մասն էլ թելադրված էր վերջին երկու տարում տեղի ունեցած դեպքերի պատճառով: Մենք պիտի շարունակենք մեր քննարկումները, և համոզված եմ, որ շուտով կրկին կտեսնվենք Արցախում»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Երևանում մեկնարկել էր ՀՅԴ Հայ դատի հանձնախբերի և գրասենյակների խորհրդաժողովը: