կարևոր
2188 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-03 21:28

Ադրբեջանը ոչ միայն պատանդառության մեջ է պահում, այլեւ փորձեր է կատարում գերեվարել հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանը ոչ միայն պատանդառության մեջ է պահում, այլեւ մշտական փորձեր է կատարում գերեվարել հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց: Այս հայտարարությունն արել է Հայաստանի արտգործնախարարը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 28-րդ նիստում: Արարատ Միրզոյանը նաեւ տեղեկացրել է ներկաներին՝ այս տարվա մայիսից ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սահմաններից: Ավելին, նրանք մինչ այժմ պահպանում ու շարունակում են ամրապնդել իրենց ապօրինի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Նիստի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարն էլ դժգոհել է, թե Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզներ չտրամադրելը դանդաղեցնում է հետկոնֆլիկտային վերականգնումը: Ջեյհուն Բայրամովն ասել է, թե անհրաժեշտ է լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի տրամադրի այդ քարտեզները: Բոլոր գերիներին վերադարձնելու իր գրավոր պարտավորությունը մինչ օրս չկատարած այդ երկրի արտգործնախարարը դեռ Հայաստանի հասցեին է նոր մեղադրանքներ հնչեցրել:

Թե ինչ տարածքների մասին է խոսքը, Բայրամովը չի հստակեցրել, փոխարենը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում հստակ ասել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը հետկոնֆլիկտային շրջանի համատեքստում:

Արցախի խնդրին Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության վերսկսումն ու ասել, որ դեռ բավականին աշխատանք պետք է տարվի հակամարտության տեւական նաեւ արդար լուծում գտնելու համար:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում: