կարևոր
2830 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-03 20:32

Իշխանություններն Արման Թաթոյանի փոխարեն տեսնում են իրենց թեկնածուին

Իշխանություններն Արման Թաթոյանի փոխարեն տեսնում են իրենց թեկնածուին

Իշխանությունները պատրասվում են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի փոխարեն տեսնել մեկ այլ թեկնածուի։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում է կայացրել այդ պաշտոնում առաջադրել Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Վերջինս այդ պաշտոնում նշանակվել է 2019 թվականից։

Արման Թաթոյանի լիազորություններն ավարտվում են 2022 թվականի փետրվարի 23-ին։ Հատկանշական է, որ օրենսդրությունը չէր խանգարում պաշտպանի պաշտոնում կրկին առաջադրել իր ողջ գործունեության ընթացքում բարձր ակտիվություն ցուցաբերած եւ հանրային լայն շրջանակներում ու միջազգային կառույցներում բավականին բարձր հեղինակություն ունեցող Արման Թաթոյանին։ Վերջինիս նկատմամբ իշխանությունների դժգոհություններն ակտիվացան հատկապես 2020 թվականից հետո, երբ պաշտպանը օրենսդրական իր լիազորությունների շրջանակներում ակտիվ զբաղվում էր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ՝ երբեմն թիրախավորելով իշխանություններին։

Անցնող ամիսներին Արման Թաթոյանը եզակի պետական գործիչն էր, որը գերլարված աշխատանքով՝ ներհայաստանյան եւ միջազգային շրջանակներում բարձրաձայնում էր Սյունիքի սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների, պատերազմի ընթացքում ադրբեջանական վայրագությունների մասին։ Արման Թաթոյանը միջազգային իրավունքի բազում դրույթների հիման վրա իր պաշտոնական զեկույցներով ահազանգում էր Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների ու գործողությունների մասին։

Արման Թաթոյանն անցնող ամիսներին հատկապես շատ էր թիրախավորվում նաեւ Ադրբեջանի կողմից։