կարևոր
2920 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-03 18:42

Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլան»-ի մասին հայտարարությունը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն չունի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը խոսել է «Լավրովի պլան»-ի մասին՝ Ռուսաստանին կապելով «Արցախի հանձնման հետ»։

«Նշված զրույցի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վկայակոչելով «հայ հասարակության մտքերը», թե Ռուսաստանը հանձնել է Արցախը, ասել է.

«Եթե Հայաստանում որևէ մեկը պատրաստվեր հանձնել Արցախը, դրա համար մի քանի տարբերակ կար, այդ թվում «Լավրովի պլանը»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են. «Դժվար է մեկնաբանել մի բան, որ գոյություն ունի ոչ թե իրականության, այլ երևակայության մեջ»։

ՌԴ ԱԳ նախարարությունը նշել է, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին, քանի որ խոսքը վերաբերում էր Արցախի հակամարտության փուլային լուծման մասին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորման պլանը վերջին խմբագրմամբ կողմերին են հանձել 2019 թ-ի հունիսին։

«Նախատեսված էր առաջին փուլում հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանի, Արցախի Հանրապետության կարգավիճակի պարտադիր որոշմամբ։ Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա մինչև 2020 թ-ի աշուն բանակցությունների սեղանին շարունակվում էր քննարկվել հետևյալը՝ Արցախի Հանրապետության վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ կողմերի համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո, համազգային քվեարկության անցկացմամբ, որն արտահայտում է Արցախի Հանրապետության բնակչության ազատ կամարտահայտությունը և օրինականորեն պարտավորեցնող՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։

Ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի՝ Արցախի Հանրապետության «հանձնման» մասին անհեթեթ «մտքերը», այլ, ըստ էության, համաձայն են նման անհիմն դատողությունների հետ:

Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, այդ թվում 44-օրյա պատերազմի ավարտին օգնելը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումը, խոսում են դրա մասին»»,-նշել են ԱԳՆ-ում:

ՌԴ ԱԳՆ-ն եզրափակել է՝ ասելով, որ Ռուսաստանը չափազանց շահագրգռված է օգնելու հայերին և ադրբեջանցիներին շրջել իրենց հարաբերությունների ցավոտ էջերը, նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։