կարևոր
1468 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-03 16:51

Կիպրոսի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ

Կիպրոսի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ

Այսօր Կիպրոսի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Արցախի Հանրապետության ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը: Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը: 

Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:

Բանաձևը նաև դատապարտում է Թուրքական ներգրավածությունը Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում:

Բանաձևի ամբողջական տեքստը՝ ստորև.

«Հ.Գ. Բանաձևի նախաձեռնման համար շնորհակալություն են հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատի բոլոր պատգամավորներին։ Այս կարևոր նախաձեռնությունը հաջողությամբ առաջ մղելու համար հատկապես երախտապաևտ ենք Կոստիս Էֆստաթիույին (Սոցիալ դեմոկրատների շարժում), Խարալամբոս Թեոփեմպտույին (Բնապահպանների շարժում – Քաղաքացիների համագործակցություն), ինչպես նաև Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատ

Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Արցախի Հանրապետությունում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ

Դատապարտող Բանաձև

Ներկայացուցիչների պալատը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի մեկ տարին լրանալուց հետո
-հաշվի առնելով նախորդ՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի Արցախի Հանրապետության տարածաքում Ադրբեջանի կողմից հայերի վրա հարձակման իր բանաձևը, 
-հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևը,
-հաշվի առնելով Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևի (III) կոնվենցիան,
-հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 9-ի ծանուցումը,
-հաշվի առնելով Մարդու Իրավունքների դիտորդական առաքելության 2021 թվականի մարտի 19-ի զեկույցը
-հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հազարավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ, ճնշող մեծամասնությամբ հայեր, զոհվել կամ վիրավորվել են և Արցախի հազարավոր խաղաղ բնակիչներ տեղահանվել,
-հաշվի առնելով, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված Եռակողմ զինադադարի հայտարարության 8-րդ կետը նախատեսում է ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների դիակների փոխանակում,
-հաշվի առնելով, որ հայ ռազմագերիների մի թվաքանակ դեռ ազատ չի արձակվել, զոհվածների դիակները չեն վերադարձվել, իսկ հարյուրավոր հայ գերիների ճակատագիրն անհայտ է,
-հաշվի առնելով, որ շարունակվում են Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները և գործողությունները Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ,
-հաշվի առնելով, որ Արցախի բնակչությունը շարունակում է տուժել հակամարտության հետևանքներից (տեղահանումներ, մարդասիրական օգնության կարիք, մշակութային ժառանգության ոչնչացում, ադրբեջանական ուժերի կողմից Արցախի բնակչության ջրամատակարարման բոլոր աղբյուրների օկուպացիայի պատճառով ջրի խիստ սակավություն),

Ներկայացուցիչների պալատը քվեարկելով
1.Դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Արցախի տարածքի վրա։
2.Դատապարտում է ինչպես թուրքական ռազմական անձնակազմի, այնպես էլ տեխնիկայի բացահայտ ներգրավվածությունը,
3.Պահանջում է Ադրբեջանին ի կատար ածել զինադադարի մասին հայտարարութան դրույթները, որը նախատեսում է բոլոր գերիների ազատ արձակում, մահացածների դիակների վերադարձ ու անհայտ կորածների ճակատագրի պարզում:
4.Կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրամիությանն ու այլ միջազգային կազմակերպություններին մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի տարածքի բնակչությանը, աջակցություն ցուցաբերել տարածքի վերականգնման գործին, փախստականների վերադարձին ու Արցախի տարածքի հայերի կրոնական և մշակութային ժառանգության հուշակոթողների պաշտպանությանը:
5.Անհանգստություն է հայտնում ականների, կասետային ռումբերի ու այլ չպայթած զինամթերքի առկայության կապակցությամբ, որոնք վտանգում են խաղաղ բնակիչների և հատկապես երեխաների առօրյա կյանքը տարածքում:
6.Կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ»: