կարևոր
2086 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-03 13:56

Պահանջում ենք ազատ արձակել Սյունիքի ընտրյալ համայնքի ղեկավարներին. ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտեի հայտարարությունը

Պահանջում ենք ազատ արձակել Սյունիքի ընտրյալ համայնքի ղեկավարներին. ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտեի հայտարարությունը

ՀՀ իշխանությունների վարած ապազգային քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ ունի Սյունիքի և սյունեցիների նկատմամբ անձնավորված թիրախային մոտեցումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտեն:

«Մինչ այսօր, առանց իրավական լուրջ հիմնավորումների, անազատության մեջ են գտնվում Սյունիքի մարզի խոշորացված համայնքների 4 ընտրյալ ղեկավարը, որոնք մասնակցել են արցախյան երկրորդ պատերազմին և միշտ պատրաստակամ են մասնակցել ցանկացած գործողության՝ հանուն պետականության և հայի արժանապատվության:

Երեկ ձերբակալվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Աշոտ Մինասյանի և Սիսական ջոկատի հերոսական գործունեության մասին կարող են չիմանալ միայն անհայրենիք և անցյալ չունեցող մարդիկ: Նրա և 4 համայնքի ղեկավարի ազատության մեջ գտնվելը վտանգավոր կարող են համարել միայն նրանք, ովքեր արժանապատիվ խաղաղությունը շփոթում են անարժանապատիվ և ստրկական գոյության հետ:

Այսօր Սյունիքը գտնվում է մեր թշնամիների հակահայ ծրագրերի և աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում: Նման իրավիճակում ընտրյալ ղեկավարների, ռազմական փորձ ունեցող և հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցավորություն է պետականության նկատմամբ, Սյունիքի դիմադրողական ոգու թուլացման քայլ:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք ազատ արձակել Սյունիքի ընտրյալ համայնքի ղեկավարներ Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին, Արթուր Սարգսյանին, Մխիթար Զաքարյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:

Մեր պահանջի չկատարումը կդիտարկենք որպես Սյունիքի և սյունեցիների անվտանգային խնդիրների դեմ ուղղված կանխամտածված գործողություն»: