կարևոր
1954 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-03 12:17

ԲԴԽ-ն, լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում. Արամ Վարդևանյան

ԲԴԽ-ն, լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում. Արամ Վարդևանյան

10 օր առաջ քաղաքացիների ընդունելության ժամանակ մի կին, ով անթաքույց համակրանք ուներ գործող իշխանության նկատմամբ, հիացած պատմում էր մի արդար դատավորի մասին։ Գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այդ դատավորը քննել էր կնոջ տարածքային վեճը, ընդ որում քաղաքացուն ներկայացրել է հանրային պաշտպանը։ Դատավորը գործը քննելու համար նույնիսկ գնացել էր հենց այդ վիճարկվող տարածքը տեսնելու։ Այդ դատավորը Զարուհի Նախշքարյանն էր։

10 օրից ԲԴԽ-ն քննելու է Զարուհի Նախշքարյանի կարգապահական վարույթը։ Ընդ որում Արդարադատության նախարարությունը հարուցել էր մի քանի վարույթ։ Ցավոք սրտի, ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող, հավասարակշռված ու պրոֆեսիոնալ վարք ու վարկ ունեցող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի:

Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման. Անարդար, քաղաքական, բացահայտ ու խայտառակ ձևով: Ու ԲԴԽ-ն, լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում։ Եթե այս իշխանությունը որոշի պատժել հենց ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն դա էլ կանի՝ իրենք իրենց կպատժեն. Առանց հարցնելու, հեզ ու խոնարհաբար։

10 օր առաջ այդ կինը չգիտեր, որ ընդամենը 10 օրից սկսվելու է դատական համակարգի ոչնչացման եզրափակիչ ակտերից մեկը։ Դատական համակարգը պահպանող ու պաշտպանող ու կառույցը դարձել է այդ համակարգի դահիճը»։