Ոստիկանության լրատվական վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը մեղադրվում է բռնության հրապարակային կոչեր անելու համար: Դրանց մասին գրառմամբ ահազանգել է ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պրազյանը, որը, ըստ էության, կեղծ օգտահաշիվ է ու շատերի պնդմամբ պատկանում է իշխանականներին:
Բայց Սայաթ Շիրինյանի խոսքերը մեջբերելիս Պրազյանը այդ գրառման պատճենը կամ այսպես ասած սքրինշոթը չի հրապարակել: Հետեւաբար՝ պաշտպանական կողմի վստահեցմամբ՝ բռնության կոչերի մասին փաստ չկա: Սայաթ Շիրինյանի գրառումը նկատել ու դրա մասին ցուցմունք է տվել Քանաքեռ Զեյթունի ոստիկանության բաժնի պետ Զորիկ Ավդիշոեւը:
Բայց Շիրինյանի պնդմամբ՝ իր դեմ ցուցմունք տված միակ անձը ասել է, թե չի հիշում՝ որտեղ է տեսել այդ գրառումը:
Զորիկ Ավդիշոեւը ըստ մամուլի հրապարակումների՝ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հարեւանն է, մտերիմ է նաեւ Էդուարդ Աղաջանյանի հետ եւ այդ կապերի շնորհիվ է պաշտոնի բարձրացում ունեցել ու դարձել ոստիկանության բաժնի պետ:
Նա եւ՛ ցուցմունք է տվել Շիրինյանի դեմ, ե՛ւ անձամբ մասնակցել նրան բերման ենթարկելու գործողություններին, որի ընթացքում էլ պաշտպանական կողմի պնդմամբ հրահանգել է բռնություն կիրառել Շիրինյանի նկատմամբ: Սայաթ Շիրինյանը «Հայաստան» դաշինքի անդամ է եւ հայտնի է իր ընդդիմադիր ակտիվ գործունեությամբ:
Դաշինքի մյուս ներկայացուցիչները համոզված են, որ թե՛ Շիրինյանի եւ թե՛ այլ ընդդիմադիրների ներգրավմամբ քրեական գործերը քաղաքական հետապնդում են, անձնական վրեժխնդրություն: Սայաթ Շիրինյանի գործով դատաքննության մեկնարկին դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերացրեց Շիրինյանի խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։