կարևոր
1390 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-02 16:16

Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, բավարարեց ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի պաշտպան Բենիկ Գալստյանի միջնորդությունը, ըստ որի՝ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվեց։

Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալը քրեական գործի նախաքննության ընթացքում դրսեւորել է պատշաճ վարքագիծ։ Նա հիշեցրեց, որ Շիրինյանին առաջադրված մեղադրանքը ծանր հանցանք չի համարվում։

Գործով մեղադրող դատախազն էլ ասաց, որ քրեական գործը դեռ դատաքննության փուլ չի մտել եւ, ըստ նրա, չի վերացել անհրաժեշտությունը, որ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվի։

Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: