«Գռզո» մականունով հայտնի իշխանական պատգամավոր-գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, 55 մլն դրամի չափով գրավի դիմաց կրկին ազատ արձակվեց։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Սուքիասյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա է դարձրել պաշտպանի դիմումի հիման վրա։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։
Նշենք, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից փոփոխվել էր և կիրառվել գրավ՝ 50 մլն դրամի չափով։ Դատախազությունը բողոքարկել էր Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը, սակայն, մինչ բողոքի քննությունը, քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր և գործն ուղարկվել է դատարան։ Գործը՝ դատաքննության նախապատրաստելիս դատավոր Կարեն Ֆարխոյանը, ում վարույթում այժմ գտնվում է քրեական գործը, քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել անփոփոխ։
Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը քննել է դեռևս նախաքննության ընթացքում Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և բավարարել այն՝ կայացնելով Սուքիասյանին կալանավորելու որոշում, Սուքիասյանը կալանավորվել է։ Փաստաբանը դիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Սուքիասյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու վերաբերյալ։ Արդյունքում՝ դատարանը քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և որոշել նրա նկատմամբ նորից որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 55 մլն դրամի չափով։
Դատական հաջորդ նիստը կկայանա 2022թ հունվարի 19-ին, ժամը՝ 15.30-ին։
Հիշեցնենք, որ Գռզոյի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Գռզոյի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։ Ընդ որում, նշված զենքը եղել է պարգևատրված՝ Արցախի նախագահի կողմից, իսկ թե ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգևատրել Գռզոյի եղբորը՝ պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երևանի կենտրոնում՝ վիճաբանության ժամանակ։
Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Սուքիասյանից բացի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ.Արման Ապինյանը, որը ևս մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, Սարգիս Աբգարյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մեջ և Վարազդատ Գասպարյանը, որը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։
Նկատենք, որ սույն քրեական գործով տուժողի կարգավիճակում են ԱՄՆ քաղաքացիներ և գործի նկատմամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, թերևս հենց դա էր պատճառը, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի եղբորը կալանավորելու որոշում էր կայացվել՝ ամերիկացիներին ցույց տալու, թե իբր օբյեկտիվ քննություն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրն իր կալանավորման ժամկետն անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։
Այժմ քրեական գործով անցնող բոլոր մեղադրյալները գտնվում են ազատության մեջ. զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվողների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, մյուս երկուսի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։